Սեպտեմբերի 19-ից ադրբեջանական զինված ուժերը հրետակոծում են
Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակավայրերը՝ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանն
ու ենթակառուցվածքները՝ բնակելի շենքեր, դպրոցներ և այլն։ Ադրբեջանական զինված ուժերը
քաղաքացիական բնակչության ուղղությամբ կիրառում են խոշոր տրամաչափի զենքեր, այդ թվում՝
հրետանի։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գրանցված տեղեկությունների համաձայն՝
հրետակոծությունների հետևանքով այս պահի դրությամբ կան 32 զոհ, 200-ից ավելի վիրավոր,
այդ թվում՝ 7 զոհ (2 երեխա) և 35 վիրավոր (13 երեխա) քաղաքացիական բնակչության շրջանում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վնասվել են շենքեր, բակերում
կայանված մեքենաներ, տներ։ Սեպտեմբերի 20-ի վաղ առավոտյան Ադրբեջանի ԶՈւ-ն գնդակոծել
է Ստեփանակերտի շտապ օգնության մեքենան, որն ուղևորվել էր Մարտակերտի շրջան՝ ադրբեջանական
հարձակման հետևանքով զոհված ութ անձանց մարմինները տեղափոխելու համար:
Ըստ բաց աղբյուրների տարածած տեղեկության՝ ադրբեջանական զինված
ուժերը կրակ են բացել նաև ռուս խաղաղապահների մեքենաների վրա, երբ վերջիններս փորձ
են կատարել Լաչինի միջանցքով՝ Հակարիի կամրջով, Լեռնային Ղարաբաղից տարհանել կանանց
և երեխաներին։
Այս փաստերը գալիս են հաստատելու, որ Ադրբեջանի զինված ուժերը
նպատակ ունեն ավարտին հասցնելու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումը։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացնում է նաև
ադրբեջանական մամուլի և սոցիալական ցանցերի մշտադիտարկում, ինչի արդյունքում արձանագրվել
են սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանն էթնիկ
ծագման հիմքով թիրախավորող, ատելություն և բռնություն քարոզող և արդարացնող մեծաքանակ
գրառումներ։ Պաշտպանն արձանագրում է, որ ադրբեջանական
հասարակության նման անհանդուրժողական վերաբերմունքը հետևանքն ու ապացույցն է Ադրբեջանի
իշխանությունների հայատյաց քաղաքականության։
Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծում է, որ Ադրբեջանի
ագրեսիան կոպտորեն ոտնահարում է միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի
սկզբունքները։ Պաշտպանը կոչ է անում մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող
միջազգային կազմակերպություններին և դերակատարներին համապատասխան գնահատական տալ ադրբեջանական
գործողություններին և անհապաղ միջոցներ ձեռնարկել զանգվածային ոճրագործությունները
դադարեցնելու ուղղությամբ։