Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ողջունում է օգոստոսի
28-ին ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հայտարարությունը, որով
վերջինս մտահոգություն է հայտնում Լաչինի միջանցքի
արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակի կապակցությամբ։
Մասնավորապես, Դունյա Միյատովիչը նշել է, որ շարունակում է լրջորեն
մտահոգված լինել 2022 թվականի դեկտեմբերից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով անցնող
ճանապարհի արգելափակումից հետո Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար իրավիճակով և
բնակչության իրավունքներով։
«Ես վերահաստատում եմ կոչը, որն արել եմ այն ժամանակ՝ վերականգնել
ազատ տեղաշարժն այդ ճանապարհով»,- հայտարարել է Միյատովիչը։
«Չնայած իմ և բազմաթիվ այլ միջազգային շահագրգիռ կողմերի կոչերին՝
հումանիտար և մարդու իրավունքների իրավիճակը այդ շրջանում ավելի է վատթարացել՝ ազդելով
հատկապես առավել խոցելի խավերի վրա՝ մարդկանց տեղաշարժի երկարատև խափանումների, սննդի
մատակարարումների և շտապ բժշկական օգնության հասանելիության խաթարման պատճառով։ Կարմիր
խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ), որն այս պահին միակ միջազգային մարդասիրական կազմակերպությունն
է, որը գործում է Լաչինի միջանցքում, նշել է, որ բնակչությունը բախվում է կենսական
դեղամիջոցների և առաջին անհրաժեշտության իրերի բացակայության խնդրին»- ասել է Հանձնակատարը։
Միյատովիչը նշել է, որ «շահագրգիռ կողմերը պետք է անհապաղ լուծում
գտնեն` խուսափելու համար տեղի բնակչության համար շատ վտանգավոր իրավիճակի հետագա վատթարացումից
և երաշխավորեն մարդասիրական օգնություն տրամադրողների և մարդու իրավունքների պաշտպանությունն
ապահովողների անվտանգ և ազատ տեղաշարժը»։
«Ինչպես նշված է իմ 2021 թվականի հուշագրում, Հայաստանի և Ադրբեջանի
կողմից պետք է ջանքեր գործադրվեն հաշտեցման ճանապարհով առաջ շարժվելու և բոլոր մարդկանց
համար կայուն խաղաղություն ապահովելու համար։ Ես վերահաստատում եմ իմ հանձնառությունն
ու պատրաստակամությունը` ներգրավվելու բոլոր համապատասխան զրուցակիցների հետ աշխատանքներում
և մեկնելու Լեռնային Ղարաբաղ՝ աջակցելու մարդու իրավունքների առկա մարտահրավերների
հաղթահարմանը»,- ասվում է հայտարարության մեջ։
Պաշտպանի աշխատակազմը շարունակում է ակտիվ համագործակցել միջազգային
դերակատարների հետ խնդիրների հրատապ լուծման տարբերակների ուղղությամբ։