Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հուլիսի
17-ին, այցելել է ՊՆ Կենտրոնական հավաքակայան:
Այցն իրականացվել է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի
մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ համատեղ: Նպատակն էր տեղում դիտարկել
ամառային զորակոչի ընթացքը, վեր հանել հնարավոր խնդիրները, զրուցել անձնակազմի և զորակոչիկների
հետ:
«Որպես զինված ուժերի նկատմամբ արտաքին վերահսկողություն իրականացնող
մարմիններ՝ հնարավորություն ունենք լուծելու զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը
վերաբերելի հարցերը: Այս համատեքստում կարևորում եմ Պաշտպանության և անվտանգության
հարցերի մշտական հանձնաժողովի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը»,- նշել
է Անահիտ Մանասյանը:
ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի
և կենտրոնական հավաքակայանի ղեկավար կազմի հետ շրջայց է իրականացվել հավաքակայանում,
հատուկ ուշադրություն է դարձվել զորակոչի կազմակերպման պայմաններին, զորակոչիկների
դիմավորման, ընդունման, գրանցման կարգին, ինչպես նաև զինվորական ծառայության վայրի
վիճակահանության գործընթացին:
Անահիտ Մանասյանը հատուկ ուշադրություն է դարձրել բժշկական հանձնաժողովի
աշխատանքներին ու զորակոչիկների բուժզննումների ընթացքին, անձնակազմի հետ քննարկել
զորակոչիկների հետազոտության ընթացքի ու մեթոդների հետ կապված հարցեր, արձանագրել բուժանձնակազմի
բարձրացրած խնդիրներն ու նրանց առաջարկները:
Զորակոչիկների հետ առանձնազրույցում Պաշտպանը քննարկել է նրանց
առողջական վիճակի հետ կապված հարցեր, անդրադարձել նրանց բարոյահոգեբանական վիճակին, զորակոչիկներին հետաքրքրող հարցերին:
Պաշտպանը զորակոչիկներին մաղթել է խաղաղ ու անվտանգ ծառայություն
և նշել, որ նրանց իրավունքների հետ կապված հարցերն իր անմիջական ուշադրության կենտրոնում
են: Անահիտ Մանասյանը դիմել է նաև իրենց որդիների վիճակահանության գործընթացին ուղիղ
հեռարձակմամբ հետևող ծնողներին և վստահեցրել, որ հնարավոր խնդիրների առկայության դեպքում
Պաշտպանի և աշխատակազմի արձագանքը լինելու է արագ:
Այցի արդյունքներն ամփոփվելու են և առաջարկներ են ներկայացվելու
պետական մարմիններին: