ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
Անահիտ Մանասյանը մայիսի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի
և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին։
Ողջունելով դեսպանին՝ Անահիտ
Մանասյանը ներկայացրել է կառույցի գործունեության առաջնահերթությունները, անդրադարձել
մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցերին։ Պաշտպանն ընդգծել է իր մանդատի
շրջանակում անհանդուրժողականության, խտրականության և ատելության խոսքի դեմ պայքարի
հաստատակամությունը:
Անահիտ Մանասյանը դեսպանին
տեղեկացրել է ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով սահմանային բնակավայրերում
մարդու իրավունքների խախտումների, Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար
խնդիրների մասին։ Անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների իրավունքների
երաշխավորման, վերջիններիս վերադարձի ապահովման հրատապությանը վերաբերելի հարցերին։
Քննարկման առանցքային թեմաներից
էր Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության
հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Գենդերային հավասարության խթանում Հայաստանի իրավապահ
համակարգում» ծրագիրը, որի իրականացման վերաբերյալ հուշագիրը Մարդու իրավունքների պաշտպանի
հաստատության և Մեծ Բրիտանիայի դեսպանատան միջև ստորագրվել է դեռևս 2022 թվականի դեկտեմբերի
13-ին։
Ծրագրի նպատակն է հանրության
շրջանում իրազեկվածության բարձրացման, միջազգային լավագույն փորձի ուսումնասիրման և
օրենսդրական փոփոխությունների առաջարկման միջոցով խթանել գենդերային հավասարությունը
Հայաստանի իրավապահ համակարգում, այդ թվում՝ նպաստելով ՀՀ պարեկային ծառայությունում
կանանց ներգրավվածության ընդլայնմանը։ Պաշտպանը հայտնել է իր պատրաստակամությունն աջակցել
համատեղ ծրագրի հաջող ընթացքին։
Դեսպան Ջոն Գալագերն էլ իր
հերթին՝ շնորհավորելով Անահիտ Մանասյանին Մարդու իրավունքների պաշտպանի առաքելության
ստանձնման առթիվ, պատրաստակամություն է հայտնել շարունակել ակտիվ փոխգործակցությունը
մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։ Նա նաև ներկայացրել է դեսպանատան կողմից
Հայաստանում իրականացվող ծրագրերի փաթեթը։
Ձեռք է բերվել արդյունավետ
համագործակցության շարունակականության ապահովման վերաբերյալ պայմանավորվածություն։