Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները վերջին օրերին հյուրընկալել են Թաիրով համայնքի միջնակարգ դպրոցի և Երևանի համար 82 դպրոցի աշակերտներին ։ Հանդիպումների ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն աշակերտներին ներկայացրել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի լիազորությունները երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում՝ «Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով սահմանված երեխայի իրավունքները և դրանց պաշտպանության կառուցակարգերը»։
Աշխատակազմի ներկայացոցիչները, որպես երեխաների իրավունքների պաշտպանության լավագույն գործիքակազմ, կարևորել են Պաշտպանին դիմելու հասանելիությունն ու մատչելիությունը՝ նշելով հնարավոր բոլոր եղանակները։ Աշակերտները հնարավորություն են ունեցել բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը և քննարկել երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները։
Երեխաների կողմից բարձրացվել են երեխաների կրթություն ստանալու իրավունքի, խոսքի ազատության, մտքի և կրոնի ազատության, անձնական տվյալների պաշտպանության, որդեգրման ընթացակարգի վերաբերյալ հարցեր։
Հնչել են դպրոցահասակների շրջանում բուլինգի դրսևորումների և սոցիալական ցանցերում անձնական տվյալների տարածման ու վերահսկելիության խնդիրներին առնչվող հարցեր, որի շրջանակում ներկայացվել են տեղեկատվական հարթակներում «Մոռացված լինելու» իրավունքի իրացման եղանակները։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ