Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի՝ 1996 թվականի դեկտեմբերի 12-ի բանաձևով նոյեմբերի 16-ը հռչակվեց որպես Հանդուրժողականության համաշխարհային օր։
Հանդուրժողական վերաբերմունքի դրսևորումը և յուրաքանչյուր անհատի ինքնության ու առանձնահատկությունների ընդունումը անկյունաքարային նշանակություն ունեն բռնությունից, անհանդուրժողականությունից և խտրականությունից զերծ հասարակության կառուցման հարցում։
Ցավոք, բևեռված և բռնություն հրահրող հանրային խոսքը, սեռի, ռասայի, կրոնական համոզմունքների, սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության, հաշմանդամության, առողջության և այլ հիմքերով խտրականությունը, անհանդուրժողականությունն ու անձանց թիրախավորումը շարունակում են կործանարար հետևանքներ առաջացնել ինչպես անհատների, այնպես էլ ամբողջ հասարակության համար։ Անհանդուրժողական վերաբերմունքը հանգեցնում է անձանց ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության խաթարմանը, նրանց հիմնարար իրավունքներից զրկմանը. անձանց մերժվում է հանրային ծառայությունների մատուցումը, իսկ ատելության շարժառիթով հանցանքների զոհերն անպաշտպան են մնում՝ իրավապահ համակարգի պատշաճ արձանագանքի բացակայության արդյունքում, իսկ շատ հաճախ էլ կրկնակի զոհայնացվում են հանրության անհանդուրժող վերաբերմունքի պատճառով։ Ուստի, հանդուրժող, միասնական և անվտանգ հասարակության ստեղծման համար հիմնարար նշանակություն ունի խտրականության և ատելության խոսքի դեմ պայքարի համապարփակ օրենսդրության ընդունումը, իրավապահ մարմինների, կրթական և առողջապահական հաստատությունների կարողությունների զարգացումը։ Միաժամանակ, կարևորում եմ խտրականության և ատելության խոսքի անթույլատրելիության վերաբերյալ իրազեկման արշավների իրականացումը՝ ուղղված ինչպես հասարակության լայն շերտերին, այնպես էլ լրագրողներին, քաղաքական ու հասարակական գործիչներին։ Ծայրահեղ կարևոր է հանդուրժողականության կրթությունը թե’ սովորողների, և թե’ մեծահասակների համար։
Հանդուրժողականության համաշխարհային օրվա առթիվ կոչ եմ անում ՀՀ իրավասու իշխանության մարմիններին՝ գործուն քայլեր ձեռնարկել խտրականության և ատելության խոսքի, ատելության հիմքով կատարվող հանցագործությունների դեմ պայքարի ուղղությամբ՝ ներդնելով ու զարգացնելով անհրաժեշտ օրենսդրական և գործնական կառուցակարգերը։
Հանդուրժողականությունը դիմակայուն հասարակության ու ժողովրդավարական պետության գրավականն է։
ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյան