ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ Աննա Կարապետյանը մասնակցել է «Միջազգային համագործակցություն՝ ուղղված միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների խախտումների դեմ պայքարին» խորագրով (“International
co-operation to address violations of international humanitarian law and
international human rights law”) ԵԱՀԿ
Մարդկային հարթության 1-ին լրացուցիչ հանդիպմանը, որը կայացել է 2022 թվականի մարտի 28-29-ին Վիեննայում:
Հանդիպմանը քննարկվել են մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի պահանջների և կիրառության հետ կապված հարցեր՝ կենտրոնանալով հակամարտություններում գտնվող քաղաքացիական բնակչության իրավիճակի և նրանց վրա հակամարտության ունեցած ազդեցության վրա, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների հետաքննման և փաստագրման լավագույն փորձը, այդ թվում՝ մարդու իրավունքների ազգային հաստատություններին աջակցող թվային տեխնոլոգիաներին վերաբերող հարցեր:
Քննարկմանը ելույթով է հանդես եկել ՄԻՊ ներկայացուցիչը՝ անդրադարձ կատարելով Արցախյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներին, ինչպես նաև պատերազմի հետևանքով Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամին:
ՄԻՊ ներկայացուցիչը ներկայացրել է ՀՀ սահմանային բնակչության դեմ ադրբեջանական կողմի միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների խախտումներն ու հայկական կողմի ռազմագերիների նկատմամբ ադրբեջանական իրավասուների կողմից իրականացված խոշտանգումները՝ հղում կատարելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցներում ներկայացված փաստերին:
Մասնավորապես՝ ելույթում նշվել է, որ ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը հումանիտար լրջագույն խնդիրների առջև է կանգնեցրել ՀՀ սահմանային բնակիչներին: Միջազգային իրավունքի բոլոր հանրաճանաչ նորմերը խախտող ադրբեջանական իշխանությունների վարքագծի հետևանքով Արցախում մարդիկ շաբաթներ շարունակ զրկված են գազամատակարարումից, ինչը խոչընդոտում և բացառում է վերջիններիս առողջության, կրթության, աշխատանքի և
այլ հիմնարար իրավունքների կենսագործումը: Վերջին օրերի ադրբեջանական ագրեսիվ գոործողությունների հետևանքով առաջ են եկել ոչ միայն սոցիալական, այլ նաև անվտանգային լրջագույն խնդիրներ:
ՄԻՊ ներկայացուցիչը հատուկ անդրադարձ է կատարել նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց վերադարձի հրատապությանը:
Ելույթում խստորեն դատապարտվել է ադրբեջանական հանցավոր վարքագիծն ու կոչ է արվել մարդու իրավունքների ազգային հաստատություններին և միջազգային կազմակերպություններին գործել՝ դադարեցնելու Արցախի բնակչության դեմ ուղղված ցեղասպան քաղաքականությունը։ ՄԻՊ ներկայացուցիչն իր խոսքում կարևորել է նաև զինված հակամարտության գոտիներում, թե՛ հակամարտության ընթացքում, թե՛ դրանից հետո միջազգային կազմակերպությունների ներկայության ապահովումը տեղում՝ որպես խաղաղ բնակչության իրավունքների երաշխավորման ու պաշտպանության երաշխիք և մեխանիզմ: