Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկումը շարունակում է
առավելագույն անտեսել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հրապարակումները երկրում
տեղի ունեցող կարևոր իրադարձությունների վերաբերյալ, գործում է Պաշտպանի
գործունեության եթեր հեռարձակելն առավելագույնը բացառելու սկզբունքով։
Այս խիստ դատապարտելի գործելաոճին Հայաստանի մարդու իրավունքների
պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է դեռ 2021թ. մայիսի 6-ին՝ Ազգային ժողովում տարեկան հաղորդմանը նվիրված եզրափակիչ
ելույթով։
Պաշտպանի այդ հայտարարության հիմքում էին ամիսների օբյեկտիվ
մշտադիտարկման արդյունքներ։ ԱԺ-ի այդ ելույթից հետո հատկապես են սահմանափակվել
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության լուսաբանումները:
Հաշվի առնելով այս անթույլատրելի վիճակը՝ ՀՀ մարդու իրավունքների
պաշտպանի աշխատակազմն իրականացրել է նոր մշտադիտարկում:
Փաստերը հաստատում են, որ պատկերն ավելի մտահոգիչ է, քան մայիսի 6-ից
առաջ էր.
խոսքը ՀՀ կառավարության հիմնադրած հեռուստաընկերության կողմից ՀՀ
Սահմանադրությամբ նախատեսված իրավապաշտպան միակ պետական հաստատության
գործունեության լուսաբանումն անտեսելու, Սահմանադրությամբ և օրենքներով
երաշխավորված մարդու իրավունքները խախտող քաղաքականության մասին է:
2021թ. հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 2-ի ժամանակահատվածում
Youtube-ում հրապարակված «Լուրեր» բոլոր թողարկումների (10:00, 13:00, 15:00,
17:00, 19:00, 21:00, Օրը՝ 60 վայրկյանում) մշտադիտարկումը հաստատում է, որ
լրջորեն խախտված է մարդկանց օբյեկտիվ ու բազմակողմանի ինֆորմացիայի տրամադրումը ՀՀ
մարդու իրավունքների պաշտպանի գործունեության լուսաբանման, այդ առումով մարդու
իրավունքների խնդիրները հանրությանը ներկայացնելու և այլակարծությունը խթանելու
տեսանկյունից։
Այս եզրահանգման հիմքում են շուրջ 5 ամիս տևած մշտադիտարկման
արդյունքները, որոնցից մի քանիս օրինակ ներկայացնում ենք ստորև․
1) Նշված ժամանակահատվածում հոգեբուժարաններում, քրեակատարողական
հիմնարկներում, զինծառայողների բժշկական օգնության ու բնակարանային ապահովման,
կանանց ու երեխաների իրավունքների, առողջապահական ու սոցիալական և այլ ոլորտներում
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է բազմաթիվ խնդիրներ, ներկայացրել է
լուծումների առաջարկներ, իրականացրել է կարծրատիպեր կոտրելուն ուղղված հանրային
իրազեկման աշխատանքներ, որոնցից որևէ մեկը հանրությանը հասանելի չի դարձվել: Չեն
պատրաստվել խնդիրները բազմակողմանի ներկայացնող տեսանյութեր։
2) 5 ամիսների ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կամ
աշխատակազմի ներկայացուցչի հետ որևէ անգամ որևէ թեմայով հարցազրույցի հրավեր
«Լուրեր»-ից չի նախաձեռնվել։
Մարդու իրավունքներին վերաբերող հարցերում որևէ անգամ չի պարզվել,
թե ինչ դիրքորոշում կամ գործունեության արդյունքներ ունի Մարդու իրավունքների
պաշտպանը:
Սա կարևոր է հատկապես այն առումով, որ օրինակ, ՔԿՀ-ներում կամ
հոգեբուժարաններում ուսումնասիրության բազմաթիվ հարցեր գտնվում են հենց Պաշտպանի
ու նրա աշխատակազմի բացառիկ
իրազեկման տիրույթում:
Միայն եզակի դեպքերում է, որ լուսաբանումն արվել է պաշտոնական
հաղորդագրության ընդամենը ձևական վերարտադրմամբ։
3) Փոխարենը՝ միակողմանիորեն եթեր են հեռարձակվել ՀՀ մարդու
իրավունքների պաշտպանի հայտարարություններն անհիմն հերքող պետական մյուս
մարմինների հաղորդագրությունները, բայց ինքնին բուն խնդիրների վերաբերյալ Պաշտպանի
հաղորդագրություններին Հ1-ը որևէ անդրադարձ չի կատարել։
Օրինակ՝ եթեր են հեռարձակվել Պաշտպանության նախարարության
հերքումները, անգամ Տեղ համայնքապետարանի հերքումը, բայց Մարդու իրավունքների
պաշտպանի դիրքորոշումն այդպես էլ չի հրապարակվել ու նույնիսկ այն ճշտելու համար
հարցում չի արվել։
4) Փաստերը վկայում են, որ հատկապես չեն լուսաբանվում ՀՀ մարդու
իրավունքների պաշտպանի այն հայտարարությունները, որոնք ցույց են տալիս
ադրբեջանական անօրինականությունները, Հայաստանի սահմանային բնակիչների
իրավունքների խախտումները, հանրությանը չի ներկայացվում, թե ինչ լուծումներ է
առաջարկում Մարդու իրավունքների պաշտպանը, այդ թվում՝ որպես Կառավարության
տեսակետին այլընտրանք: Առավելագույն դեպքում տեղի ունենում է ձևական լուսաբանում
«վազող տողով»:
Ադրբեջանական խախտումների վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի
հայտարարությունները հետևողականորեն չլուսաբանելն առավել դատապարտելի է, քանի որ
այդ հայտարարություններն ուղղված են ՀՀ բնակչության իրավունքների պաշտպանությանը,
մեր գյուղերի հարևանությամբ և ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների
ներկայության անօրինականությունը ցույց տալուն։
Իրավիճակները բազմաթիվ են․ օրինակ՝ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 2-ը Սյունիքի մարզում փաստահավաք աշխատանքների, արձանագրված խնդիրների վերաբերյալ որևէ անդրադարձ չկա որևէ թողարկման ընթացքում։
Տեղի է ունեցել հակառակը՝ այդ օրերին եթեր են հեռարձակվել
միակողմանի, սահմանային իրական վիճակը թաքցնող ու փաստերը խեղաթյուրող բազմաթիվ
ռեպորտաժներ, որոնք հակադրվում են ՀՀ բնակչության իրավունքների պաշտպանությանը:
Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս է զգուշացրել, որ Հանրային
հեռուստաընկերությունը, լինելով ՀՀ կառավարության կողմից հիմնադրված, պարտավոր է
հաշվի առնել, որ իր պատրաստած նյութերն արտահայտում են պետական մոտեցում. սա նաև
նշանակում է, որ այդ նյութերը կարող են դառնալ ապացույց ՀՀ քաղաքացիների
իրավունքների դեմ՝ հատկապես միջազգային ատյաններում: Եվ հակառակը՝ օբյեկտիվ
լուսաբանումները կարող են դառնալ միջազգային ատյաններում մեր հայրենակիցների
իրավունքների պաշտպանության ապացույցներ:
5) ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը լուսաբանելու
առումով նույն պատկերն է նաև 1lurer.am կայքում։
Հանրային հեռուստաընկերության նկարագրված քաղաքականությունը
կոպտորեն ոտնահարում է տեղեկություններ ստանալու, երկրում տեղի ունեցող կարևոր
իրադարձություններին ծանոթ լինելու յուրաքանչյուրի իրավունքը: Մարդկանց օբյեկտիվ
տեղեկություններ տրամադրելով է ձևավորվում քաղաքացիների վերահսկողությունը
պետության նկատմամբ, որը ժողովրդավարության անկյունաքար է:
Հ1-ի «Լուրեր»-ի պահվածքից տպավորություն է ստեղծվում, թե
Հայաստանում կա՛մ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատություն գոյություն չունի
ընդհանրապես կա՛մ այն մատնված է տոտալ անգործության:
Սա էլ տանում է նրան, որ Մարդու իրավունքների պաշտպանի
գործունեությունը չի լինում հասանելի հանրության լայն շերտերի համար՝ հատկապես
մարզերում, ինչն էլ ուղղակիորեն կապված է հանրային վստահության և ճանաչելիության
խաթարման հետ: Սա իր հերթին ուղղակիորեն բացասական է ազդում Մարդու իրավունքների
պաշտպանի կողմից իր սահմանադրական առաքելությունն արդյունավետ կատարելու վրա՝
հաշվի առնելով, որ այդ առաքելությունը գլխավորապես իրացվում է հանրային
հեղինակության ուժով, ու հետևաբար, որպես արտաքին գործոն, դա վտանգում է Մարդու
իրավունքների պաշտպանի կողմից քաղաքացիներին աջակցություն ցուցաբերելը:
Լուսաբանման անտեսումը (արդեն տևական ժամանակ) հնարավորություն չի տալիս
արդյունավետ աշխատանքներ տանել նաև համակարգային խնդիրների լուծման հարցերում
(օրինակ՝ հանրային իրազեկումներով ատելության խոսքի դեմ պայքարը և այլն): Այսինքն՝
ակնհայտ է, որ խոսքը Մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական առաքելության
խոչընդոտների մասին է: Ընդ որում, նկարագրվածն ուղղակիորեն կապված է Մարդու
իրավունքների պաշտպանի հաստատության միջազգային ակրեդիտացաիայի հետ:
Այսինքն՝ Հ1-ի այս քաղաքականությամբ ոտնահարվում է նաև Մարդու
իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված
յուրաքանչյուրի իրավունքը, որ ենթակա չէ սահմանափակման որևէ պարագայում:
Նշվածը, հատկապես մտահոգիչ է՝ հաշվի առնելով, որ «Լուրեր»
թողարկումն է ողջ երկրի տարածքով գլխավոր լուրեր մատուցողը ինչպես Հայաստանում,
այնպես էլ Սփյուռքում ու Արցախում: Այսինքն՝ խոսքը թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում,
թե՛ Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների իրավունքների մասին է:
Այլ կերպ՝ նկարագրված քաղաքականությամբ Հանրային
հեռուստաընկերությունը, լինելով Կառավարության կողմից հիմնադրված, ոտնահարում է
նաև պետության պոզիտիվ պարտավորությունները, լուրջ վնասներ է հասցնում երկրում
խոսքի ազատությանն ու ժողովրդավարության հիմքերին, ստեղծում է վտանգավոր
նախադեպեր:
Հատուկ ենք նշում, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի
հաստատությունը չունի հավակնություն ամեն օր, տարբեր թողարկումներով հայտնվել
հեռուստաեթերում. խոսքն ինստիտուցիոնալ մոտեցման մասին է, այն մասին, որ անտեսված
են մարդու իրավունքներին վերաբերող կարևորագույն խնդիրներ, ինչը դատապարտելի
գործելաոճով տևական ժամանակ անում է Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»
թողարկումը։ Հատուկ նշում ենք նաև, որ սույն հայտարարությունը վերաբերում է միայն
Հ1-ի «Լուրեր» թողարկմանը, քանի որ այլ՝ ոչ լրատվական ֆորմատներում Պաշտպանի
աշխատակազմը որոշակի համագործակցություն ունի:
Այսպիսով, հաշվի առնելով ողջ վերը շարադրվածը՝ Հայաստանի մարդու
իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը սեփական նախաձեռնությամբ սկսում է քննարկման
վարույթ:
Հանրային հեռարձակողի խորհրդին, Հեռուստատեսության և ռադիոյի
հանձնաժողովին ուղղված պաշտոնական հարցադրումներով պարզաբանումներ կպահանջվեն
նշված հարցերի վերաբերյալ: Հարցերը կհիմնավորվեն ՀՀ Սահմանադրության,
«Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի, Հանրային հեռարձակողի խորհրդի կանոնադրության
և մի շարք այլ իրավական ակտերի տեսանկյունից: Զուգահեռ, պաշտոնական
հաղորդակցություն կնախաձեռնվի նաև միջազգային համապատասխան կառույցների հետ:
Մինչ այդ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը պահանջում է ապահովել
Պաշտպանի գործունեության պատշաճ և օբյեկտիվ լուսաբանում:
Հատուկ տեղեկացնում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանն արդեն
իսկ անձամբ խոսել է միջազգային միջկառավարական ու հասարակական մի շարք կառույցների
ղեկավարների հետ, ներկայացրել է մտահոգիչ իրավիճակը և պայմանավորվածության
համաձայն՝ մշտադիտարկման արդյունքները կթարգմանվեն ու սույն հայտարարության հետ
միասին կուղարկվեն նրանց:
Այս հարցերը լինելու են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի անմիջական
հետևողական ուշադրության ներքո:
Այս անգամ կից հրապարակում ենք նաև ուսումնասիրության
արդյունքները, որպեսզի հանրության համար ևս տեսանելի լինի ՀՀ կառավարության կողմից
հիմնադրված Հանրային հեռուստաընկերության՝ Պաշտպանի գործունեությունն անտեսող,
Սահմանադրությունն ու ՀՀ օրենսդրությունը խախտող լուսաբանման քաղաքականությունը՝
https://ombuds.am/images/files/c7c05a3a58a43e22dd7459b3fa113cf9.pdf:
Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան