ԵԱՀԿ
գործող նախագահին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ՀՀ մարդու իրավունքների
պաշտպան Արման Թաթոյանն ուղարկել է հատուկ զեկույց՝ բացատրական նամակով,
ադրբեջանական զինված ծառայողների արարքներով Հայաստանի սահմանային բնակիչների
իրավունքների խախտումների վերաբերյալ:
Փաստաթղթում
փաստերով, կոնկրետ օրինակներով ցույց է տրված, որ ադրբեջանական զինված ծառայողների
արարքներով, ադրբեջանական իշխանությունների մտադրված կազմակերպմամբ, ամեն օր
ոտնահարված են Գեղարքունիքում և Սյունիքում՝ մեր երկրի սահմանային բնակավայրերում
ապրող մարդկանց իրավունքները, խաթարված է անվտանգությունն ու նորմալ կյանքը
(բերված են նաև Արարատի մարզի Երասխ համայնքի օրինակները):
Հետևաբար,
առաջնահերթ գերակայություն է մարդկանց համար իրենց նորմալ կյանքը, իրավունքներն ու
անվտանգությունը վերականգնելը: Ցույց ենք տվել նաև այդ խախտումների ազդեցությունը
ՀՀ ողջ բնակչության իրավունքների վրա:
Ընդ
որում, զեկույցում իրավունքների խախտումները վերլուծված են՝ ըստ խմբերի (օրինակ՝
կյանքի իրավունք, ազատ տեղաշարժվելու իրավունք, երեխաների իրավունքներ և այլն):
Նշել
եմ, որ Սյունիքում այլընտրանքային ճանապարհները լուծում չեն, քանի որ ապահովված չէ
մարդկանց անվտանգությունը. ադրբեջանական զինված ծառայողները շարունակում են
դիտարկման ներքո պահել այդ ճանապարհները, քաղաքացիական բնակիչներին, նրանց տները:
Ավելին, նրանք զինված ցուցադրաբար ներկա են ճանապարհներին, քաղաքացիական
բնակիչների համար տեսանելի հատվածներում ու կատարում մարդկանց իրավունքները կոպիտ
ոտնահարող արարքներ:
Հիմնավորված
է նաև, որ սահմանային բնակավայրերում մարդու իրավունքների խախտումների սնուցող
աղբյուրն ադրբեջանական իշխանությունների հայատյացության հովանավորչության ու
թշնամանքի քաղաքականությունն է, որը պատերազմից հետո ոչ միայն չի նվազել, այլ
խորացել է:
Ուստի,
եզրահանգումը հստակ է՝ մեր գյուղերի, շատ դեպքերում մարդկանց տների մոտ ու
ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողներ չպետք է լինեն: Ընդ որում, սա
վերաբերում է նրանց բոլոր տեղակայումներին ու ոչ միայն մայիսյան ներխուժումներին:
Այսինքն՝
պետք է լինի անվտանգության ապառազմականացված գոտի:
Սա չի
նշանակում, թե այդ կերպ միանգամից որոշում ենք՝ ի՞նչ կամ ու՞մ տարածքն է:
Դա
կորոշվի հետագայում՝ առնվազն զուգահեռ սկսված դելիմիտացիայի ու դեմարկացիայի
արդյունքում: Պարզապես ներկայում անհրաժեշտ է հրատապ վերականգնել մարդկանց
իրավունքներն ու նորմալ կյանքը:
Օրինակով
ցույց է տրվել, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջարկի հիման վրա այս
գաղափարն արդեն իսկ տեղ է գտել ԵԽԽՎ 2021թ.սեպտեմբերի 27-ի բանաձևում:
ՀՀ
մարդու իրավունքների պաշտպանի այս մոտեցումներն ուղիղ բխում են ԵԱՀԿ, ՄԱԿ և այլ
միջազգային պահանջներից ու միջազգային փորձից: