Հոգեբուժարաններում համակարգային խնդիրները տարիներ շարունակ չեն
լուծվում. մեծ առաջընթաց չկա նաև այդ ոլորտին առնչվող մեր արտահերթ զեկույցի
հրապարակումից հետո: Այս մասին ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման
Թաթոյանն աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման կողմից
կազմակերպված «Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների
ապահովումն ազատությունից զրկման վայրերում» խորագրով կլոր սեղան քննարկմանը:
Քննարկմանը մասնակցել են դատավորներ, փաստաբաններ, ՀՀ աշխատանքի և
սոցիալական հարցերի, առողջապահության և արդարադատության նախարարությունների,
«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի, հոգեբուժական կազմակերպությունների,
ծերերի և հաշմանդամների հատուկ տիպի տուն-ինտերնատների, ինչպես նաև հասարակական
դիտորդների խմբերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Միջոցառման ընթացքում քննարկվել են հոգեբուժական
կազմակերպություններում անձանց հոժարակամ կամ ոչ հոժարակամ բուժման գործընթացի
խնդիրները և դատական պրակտիկան, անգործունակ անձանց իրավունքների հիմնախնդիրները,
ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում հոգեբուժական օգնության և սպասարկման
հետ կապված հարցերը:
Արման Թաթոյանը շեշտել է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող
մարդիկ մեր հասարակության լիարժեք անդամ են։
Նրանք էլ բոլորիս պես ունեն արժանապատվություն, զգացմունքներ և գնահատման
արժանի ներուժ:
Խտրականությունը ու կարծրատիպերը նրանց մեկուսացած են պահում
հասարակությունից, իսկ իրավունքներն ինքնուրույն պաշտպանելու դժվարությունները կամ
անկարողությունն ավելի են խորացնում նրանց խնդիրները:
Խրոնիկ խնդիրներ ունի հոգեբուժարաններում մարդկանց իրավունքների
ապահովումը: Չկան անհրաժեշտ համայնքահեն ծառայություններ, թերի են կառավարումն ու
վերահսկողությունը, անհիմն ձգձգվում են դատական գործընթացները ու մարդկանց դնում
երկարատև քաշքշուկների մեջ, չկա գործառույթների հստակ տարանջատում և այլն:
Արման Թաթոյանը, այս ամենին զուգահեռ, նշել է, որ գնահատված չէ
հոգեկան առողջության ոլորտի աշխատանքը:
Բավարար չէ մասնագետների քանակը, խիստ թերի են մասնագիտական
վերապատրաստումները, ինչը թույլ չի տալիս ոլորտը զարգացնել միջազգային պահանջներին
համահունչ:
Անընդունելի են հոգեբուժարաններում կամ այլ հատուկ
հաստատություններում աշխատանքային պայմանները, ցածր է աշխատողների սոցիալական
երաշխիքների մակարդակը: Այս ամենն էլ անմիջական բացասական ազդեցություն է ունենում
մարդու հոգեկան առողջության և մատուցվող ծառայությունների որակի վրա:
Իսկ գործնականում էլ շատ են դեպքերը, երբ հարցերը լուծվում են ոչ
թե պետական քաղաքականության, այլ մասնագետների անձնական ջանքերով ու նրանց
անձնական բարեխղճության շնորհիվ:
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների
երաշխավորման գործում Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է ոչ միայն իրավասու
պետական մարմինների և կազմակերպությունների, այլև քաղաքացիական հասարակության հետ
ձևավորված արդյունավետ համագործակցությունը: