Մարդու
իրավունքների պաշտպանն Արագածոտնի և Շիրակի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության
դատարանների Աշտարակի, Ապարանի, Գյումրու և Մարալիկի նստավայրերի ժամանակավոր պահման
խցերի սանիտարահիգիենիկ վիճակի ու պահման պայմանների մշտադիտարկումից հետո վեր հանված
խնդիրները և դրանց լուծման առաջարկներն ամփոփվել է վերլուծական տեղեկանքում և ուղարկել
ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ:
Նշված
դատարանների ազատությունից զրկվածներին ժամանակավոր պահելու վայրեր ՀՀ մարդու իրավունքների
պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի (NPM) 2021թ. հուլիսի 23-ի չհայտարարված
այցով վեր էին հանվել հետևյալ հիմնական խնդիրները՝ կապված միայն պահման պայմանների
հետ.
• Խիստ
անբավարար պայմաններ են առկա Շիրակի դատարանի Գյումրու նստավայրում:
Խցերը,
որոնք նախատեսված են ազատությունից զրկված անձանց պահելու համար, գտնվում են դատարանի
շենքի նկուղային հարկում, որտեղ բնական լուսաթափանցելիությունն անբավարար է, իսկ խցերի
ներսում արհեստական (էլեկտրական) լուսավորություն առկա չէ, առհասարակ:
Խցերում
որպես պատուհան են ծառայում բետոնե ծածկույթով փոսանման բացվածքներ, որոնք կահավորված
են ճաղավանդակներով և չունեն ապակե ծածկեր: Սա անթույլատրելի է՝ հատկապես հաշվի առնելով
ցուրտ եղանակային պայմաններում խցերում պատշաճ ջերմային ռեժիմի ապահովման տեսանկյունից:
Այցի ընթացքում
Գյումրու նստավայրի խցերում բարձր է եղել նաև խոնավության աստիճանը, հատակին եղել են
ջրի կուտակումներ: Առկա է վերանորոգման հրատապ անհրաժեշտություն՝ հաշվի առնելով նաև,
որ առկա չէ օդափոխման համակարգ, ժամանակավոր պայման վայրի հատակը բետոնածածկ է, իսկ
խցերի պատերի ծափամածիկները թափված են, տեսանելի են ճաքեր:
• Բոլոր
նստավայրերում խցերի սանհանգույցները խցի բնակելի հատվածից առանձնացված չեն ամբողջական
պատով և չունեն դռներ:
Ըստ պաշտոնական
պարզաբանումների՝ խցերում կարող է պահվել մեկից ավելի անձ, ինչը նշանակում է, որ այս
վիճակը հատկապես է անընդունելի նախևառաջ մարդու նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքի
ու նրա մասնավոր կյանքի անձեռնմխելիության տեսանկյունից:
Անընդունելի
է նաև, որ բոլոր սանհանգույցներն ասիական տիպի են:
Աշտարակի
նստավայրում առկա է երկու խուց, որոնց դռերն ամբողջությամբ բաց ճաղերով են, իսկ այդ
խցերի ներսում սանհանգույցներն ունեն այնպիսի տեղակայում, որ ակնհայտ դիտարկվում են
խցի դրսից՝ միջանցքից:
Սա խախտում
է մարդու նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքի ու նրա մասնավոր կյանքի անձեռնմխելիության
իրավունքը:
Դատարանների
խցերի սանհանգույցների հետ կապված այս անընդունելի վիճակն ունի համակարգային բնույթ,
այն արձանագրվել է այլ դատարանների (օրինակ՝ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր
իրավասության դատարանի Հրազդանի և Աբովյանի նստավայրեր) հետ կապված նույնպես և արտացոլվել
Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում:
• Աշտարակի
նստավայրի խցերից մեկը չունի պատուհան, որի պատճառով խուցը չունի բնական լուսավորություն,
ինչպես նաև չի ապահովվում պատշաճ օդափոխություն՝ նստավայրում օդափոխման համակարգի բացակայության
պատճառով:
• Աշտարակի
նստավայրի երկու խցերից մեկում բացակայում է լվացարանը, իսկ Գյումրու և Ապարանի նստավայրերի
մեկական խցերում առկա են լվացարաններ, բայց չկան ջրի ծորակներ:
Գյումրու
նստավայրի խցերից մեկում լվացարանի խողովակի փոխարեն տեղադրված է պլաստմասե շիշ:
• Խցերում
բացակայում են հիգիենիկ պարագաները, մասնավորապես՝ ուսումնասիրված խցերում առկա չի
եղել օճառ, իսկ սանիտարական թուղթ առկա է եղել միայն Ապարանի նստավայրում:
• Մարալիկի
նստավայրի բոլոր երեք խցերը, ինչպես նաև Գյումրու նստավայրի չորս խցերից երկուսը կահավորված
չեն նստարաններով և դրանցում, առհասարակ, որևէ տեսակի կահավորում առկա չէ:
• Նստավայրերի
որևէ խցում առկա չի եղել ազատությունից զրկվածների համար սննդի ընդունման համար անհրաժեշտ
պայմաններ:
• Դատարանների
խցերը և խցերի սանհանգույցները հարմարեցված չեն տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց
կարիքներին: Սրան գումարվում է նաև այն, որ քանի որ դատարանի շենքերը նույնպես հարմարեցված
չեն տեղաշարժման խնդիրներ ունեցողների համար, ապա խցերից դատական նիստերի դահլիճ տեղափոխումը
մարդու իրավունքների, արժանապատվության տեսանկյունից անընդունելի է:
Մարալիկի
և Ապարանի նստավայրերի խցերի պայմաններն առավել բարեկարգ են, իսկ դրանց սանիտարահիգիենիկ
վիճակն ու լուսաթափանցելիությունը բավարար են:
Այցերի
ընթացքում առանձնազրույցներ են տեղի ունեցել նաև դատարանների աշխատակազմերի և դատական
կարգադրիչների հետ:
Դատարանների
խցերի հետ կապակցված խնդիրներից է նաև դատապարտյալներին դատարան տեղափոխումը, ուղեկցումը
և պահպանությունն իրականացնող պատասխանատու պետական մարմնի հարցը, որն ունի համակարգային
բնույթ և մշտապես պարբերական քննարկման առարկա է Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում՝
համապատասխան առաջարկներով: