Նշված
դատարանների ազատությունից զրկվածներին ժամանակավոր պահելու վայրեր ՀՀ մարդու
իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի (NPM) 2021թ.
հուլիսի 23-ի չհայտարարված այցով վեր են հանվել հետևյալ հիմնական խնդիրները՝
կապված միայն պահման պայմանների հետ.
•
Խիստ անբավարար պայմաններ են առկա Շիրակի դատարանի Գյումրու նստավայրում:
Խցերը,
որոնք նախատեսված են ազատությունից զրկված անձանց պահելու համար, գտնվում են
դատարանի շենքի նկուղային հարկում, որտեղ բնական լուսաթափանցելիությունն անբավարար
է, իսկ խցերի ներսում արհեստական (էլեկտրական) լուսավորություն առկա չէ,
առհասարակ:
Խցերում
որպես պատուհան են ծառայում բետոնե ծածկույթով փոսանման բացվածքներ, որոնք
կահավորված են ճաղավանդակներով և չունեն ապակե ծածկեր: Սա անթույլատրելի է՝
հատկապես հաշվի առնելով ցուրտ եղանակային պայմաններում խցերում պատշաճ ջերմային
ռեժիմի ապահովման տեսանկյունից:
Այցի
ընթացքում Գյումրու նստավայրի խցերում բարձր է եղել նաև խոնավության աստիճանը,
հատակին եղել են ջրի կուտակումներ: Առկա է վերանորոգման հրատապ անհրաժեշտություն՝
հաշվի առնելով նաև, որ առկա չէ օդափոխման համակարգ, ժամանակավոր պայման վայրի
հատակը բետոնածածկ է, իսկ խցերի պատերի ծափամածիկները թափված են, տեսանելի են
ճաքեր:
•
Բոլոր նստավայրերում խցերի սանհանգույցները խցի բնակելի հատվածից առանձնացված չեն
ամբողջական պատով և չունեն դռներ:
Ըստ
պաշտոնական պարզաբանումների՝ խցերում կարող է պահվել մեկից ավելի անձ, ինչը
նշանակում է, որ այս վիճակը հատկապես է անընդունելի նախևառաջ մարդու նկատմամբ
արժանապատիվ վերաբերմունքի ու նրա մասնավոր կյանքի անձեռնմխելիության տեսանկյունից:
Անընդունելի
է նաև, որ բոլոր սանհանգույցներն ասիական տիպի են:
Աշտարակի
նստավայրում առկա է երկու խուց, որոնց դռերն ամբողջությամբ բաց ճաղերով են, իսկ
այդ խցերի ներսում սանհանգույցներն ունեն այնպիսի տեղակայում, որ ակնհայտ
դիտարկվում են խցի դրսից՝ միջանցքից: Սա խախտում է մարդու նկատմամբ արժանապատիվ
վերաբերմունքի ու նրա մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը:
Դատարանների
խցերի սանհանգույցների հետ կապված այս անընդունելի վիճակն ունի համակարգային
բնույթ, այն արձանագրվել է այլ դատարանների (օրինակ՝ Կոտայքի մարզի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարանի Հրազդանի և Աբովյանի նստավայրեր) հետ կապված
նույնպես և արտացոլվել Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում:
•
Աշտարակի նստավայրի խցերից մեկը չունի պատուհան, որի պատճառով խուցը չունի բնական
լուսավորություն, ինչպես նաև չի ապահովվում պատշաճ օդափոխություն՝ նստավայրում
օդափոխման համակարգի բացակայության պատճառով:
•
Աշտարակի նստավայրի երկու խցերից մեկում բացակայում է լվացարանը, իսկ Գյումրու և
Ապարանի նստավայրերի մեկական խցերում առկա են լվացարաններ, բայց չկան ջրի
ծորակներ:
Գյումրու
նստավայրի խցերից մեկում լվացարանի խողովակի փոխարեն տեղադրված է պլաստմասե շիշ:
•
Խցերում բացակայում են հիգիենիկ պարագաները, մասնավորապես՝ ուսումնասիրված խցերում
առկա չի եղել օճառ, իսկ սանիտարական թուղթ առկա է եղել միայն Ապարանի նստավայրում:
•
Մարալիկի նստավայրի բոլոր երեք խցերը, ինչպես նաև Գյումրու նստավայրի չորս խցերից
երկուսը կահավորված չեն նստարաններով և դրանցում, առհասարակ, որևէ տեսակի կահավորում
առկա չէ:
•
Նստավայրերի որևէ խցում առկա չի եղել ազատությունից զրկվածների համար սննդի
ընդունման համար անհրաժեշտ պայմաններ:
•
Դատարանների խցերը և խցերի սանհանգույցները հարմարեցված չեն տեղաշարժման խնդիրներ
ունեցող անձանց կարիքներին: Սրան գումարվում է նաև այն, որ քանի որ դատարանի
շենքերը նույնպես հարմարեցված չեն տեղաշարժման խնդիրներ ունեցողների համար, ապա
խցերից դատական նիստերի դահլիճ տեղափոխումը մարդու իրավունքների, արժանապատվության
տեսանկյունից անընդունելի է:
Մարալիկի
և Ապարանի նստավայրերի խցերի պայմաններն առավել բարեկարգ են, իսկ դրանց
սանիտարահիգիենիկ վիճակն ու լուսաթափանցելիությունը բավարար են:
Նշված
խնդիրներն արձանագրվել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման
ազգային մեխանիզմի գործառույթներ իրականացնող ստորաբաժանման և փորձագետների 2021թ.
հուլիսի 23-ին չհայտարարված այցերի ընթացքում Շիրակի և Արագածոտնի մարզերի առաջին
ատյանի ընդհանուր իրավասության դատարաններ:
Այցերի
ընթացքում ստուգվել են նշված դատարանների Գյումրու, Մարալիկի, Աշտարակի, Ապարանի
նստավայրերի ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահման խցերի պայմանները,
ինչպես նաև տեղի են ունեցել առանձնազրույցներ դատարանների աշխատակազմերի և դատական
կարգադրիչների հետ:
Դատարանների
խցերի հետ կապակցված խնդիրներից է նաև դատապարտյալներին դատարան տեղափոխումը,
ուղեկցումը և պահպանությունն իրականացնող պատասխանատու պետական մարմնի հարցը, որն
ունի համակարգային բնույթ և մշտապես պարբերական քննարկման առարկա է Մարդու
իրավունքների պաշտպանի զեկույցներում՝ համապատասխան առաջարկներով:
Ներկայում
նշված այցերի արդյունքները գտնվում են ամփոփման փուլում, որոնք համապատասխան
առաջարկներով կներկայացվեն իրավասու պետական մարմիններին:
Սույն հաղորդմամբ հրապարակվում են
Շիրակի մարզի գյումրու, Արագածոտնի մարզի Աշտարակի և Ապարանի նստավայրերի մի շարք
լուսանկարներ: