Երեկ ադրբեջանական
զինծառայողները ՀՀ ինքնիշխան տարածքի մեջ հրազենով սպառնացել են Սյունիքի մարզի Տեղ
գյուղի բնակիչներին և թույլ չեն տվել հավաքել հնձած խոտը:
Մասնավորապես,
2021թ. հունիսի 26-ին Տեղ գյուղի բնակիչները գնացել են սեփականության իրավունքով իրենց
պատկանող հողատարածք, որպեսզի հավաքեն հունիսի 23-ին և 24-ին իրենց իսկ հնձած խոտը:
Երբ գտնվել
են ադրբեջանական դիրքից մոտ 300 մետր հեռավորության վրա՝ Տեղ համայնքի վարչական տարածքի
մեջ, նկատել են, որ ադրբեջանական 5 զինված ծառայող ագրեսիվ պահվածքով և գոռգոռալով
մոտենում են իրենց:
Մոտ
150 մետր մոտենալով՝ նրանք դեպի գյուղացիներն են ուղղել զենքերը և սկսել են սպառնալ,
գոռգոռալ ու թույլ չեն տվել հավաքել խոտը: Նրանցից երկուսն առավել ագրեսիվ պահվածքով
են եղել ու գյուղացիներից պահանջել են, որ այդ տարածքներ այլևս ընդհանրապես չգան և
չփորձեն օգտվել հողերից:
Միջադեպը
տեղի է ունեցել Անդրուն քարեր կոչվող վայրում, որը գտնվում է Տեղ, Արավուս և Խնածախ
գյուղերի հատման կետում: Այդ վայրի հողատարածքներից օգտվում են նշված երեք գյուղի բնակիչները:
Այդտեղ
առկա են ինչպես մարդկանց մասնավոր սեփականության իրավունքով, այնպես էլ համայնքներին
պատկանող հողամասեր: Այստեղ առկա են նաև արոտավայրեր, որոնք օգտագործում են նշված երեք
գյուղերի բնակիչները՝ իրենց եղջերավոր կենդանիներին արածեցնելու համար:
Գյուղացիները
կարողացել են խոտը հավաքել միայն այսօր՝ հունիսի
27-ին, երբ այդ վայր են գնացել ՀՀ զինված ուժերի 1-ին բանակային կորպուսի ղեկավար կազմը,
Տեղի ինքնակառավարման մարմինների ղեկավարները:
Այս տեղեկությունները
Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացրել են գյուղերի բնակիչները, այդ թվում՝ խոտ
հավաքելու գնացած գյուղացիները, ինչպես նաև Տեղ խոշորացված վարչական շրջանի ղեկավարը:
Բոլոր տեղեկությունները Պաշտպանի աշխատակազմը ստուգել է:
ՀՀ քաղաքացիների
նկատմամբ ադրբեջանական զինծառայողների այս հանցավոր արարքը տեղի է ունեցել ՀՀ ինքնիշխան
տարածքում:
Ակնհայտ
է, որ ադրբեջանական զինծառայողների նման բացահայտ հանցավոր արարքներն ուղղված են ՀՀ
քաղաքացիական բնակիչներին կյանքի և այլ կենսական իրավունքներից, անասնապահությամբ զբաղվելու
և ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից զրկելուն: Այս ամենը պետք է դիտել
շարունակվող դիտավորության մեջ, քանի որ նույնատիպ արարքներ (հովիվներին սպառնալիքներ,
կենդանիների գողություններ և այլն) նրանք պարբերաբար են կատարում թե՛ Գեղարքունիքի,
թե՛ Սյունիքի գյուղերի բնակիչների նկատմամբ:
Այս դեպքը
ևս մեկ անգամ հաստատում է, որ ադրբեջանական զինված ուժերի հանցավոր արարքներից ՀՀ բնակչության
պաշտպանությունը բացարձակ հրատապությամբ պահանջում է անվտանգության գոտու առկայություն:
Արման
Թաթոյան
Հայաստանի
մարդու իրավունքների պաշտպան