Մարդու իրավունքների պաշտպանի 2020
թվականի տարեկան հաղոդման համաձայն՝ հաշմանդամության կարգավիճակի սահմանման թերությունները
և ոչ պատշաճ հաղորդակցումը խախտում է մարդու
իրավունքները: Այս մասին են վկայում ինչպես
բողոքները, մշտադիտարկումը, այնպես էլ Պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող
անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի անդամների գնահատականները:
Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան
հաղորդմամբ ներկայացվել են համակարգային խնդիրներ, որոնք ոչ միայն չեն լուծվել 2020
թվականի ընթացքում, այլև ավելի են խորացել հատկապես նոր կորոնավիրուսային (COVID-19)
համավարակի պայմաններում և Ռազմական դրության ընթացքում:
Արձանագրվել են հետևյալ հիմնական
խնդիրները՝
1.
բժշկասոցիալական փորձաքննությունների ընթացքում լիարժեք հաշվի
չեն առնվում փորձաքննվողների կենսագործունեության իրական հնարավորությունները և կյանքի
որակի փաստացի փոփոխությունները,
2.
բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների որոշումների
բողոքարկման գործող կարգն արդյունավետ չէ և որոշումները սովորաբար մնում են անփոփոխ:
Խնդիրն էլ ավելի է խորանում բողոքը քննող իրավասու մարմնի նկատմամբ հանրային անվստահության
պատճառով,
3.
փորձաքննվողի
ընտրած բժիշկ-ներկայացուցչի մասնակցության հնարավորությունը թեև նախատեսված է օրենսդրությամբ,
սակայն դրա արդյունավետությունը գործնականում խնդրահարույց
է,
4.
ֆինանսական միջոցների անբավարարության պատճառով մարդիկ նոր հետազոտություններ
չեն անում՝ չնայած առողջական վիճակի վատթարացմանը,
5.
շարունակվում է չլուծված մնալ զինվորական անժամկետ հաշմանդամություն
ունեցող անձանց հսկողական կարգով վերափորձաքննության ենթարկելու և մի խումբ անձանց
նկատմամբ պետության պոզիտիվ պարտավորությունների թերի կատարման հարցը: Մասնավորապես,
նշանակված փորձաքննություններն ամիսներ շարունակ չեն իրականացվել և մարդիկ զրկվել են
հաշմանդամության թոշակից և արտոնություններից՝ հայտնվելով էլի ավելի դժվարին իրավիճակում:
Այս խնդիրների կապակցությամբ Պաշտպանը
ևս մեկ անգամ վերահաստատում է, որ գործող չափորոշիչները չեն համապատասխանում հաշմանդամության
սոցիալական մոդելին: Արդյունքում, հաշմանդամության
փաստացի կարգավիճակը ոչ միշտ է համապատասխանում
անձի իրական կարիքներին և կարողություններին:
Մարդու իրավունքների պաշտպանի
2020 թվականի տարեկան հաղորդման մեջ տեղ են գտել յուրաքանչյուր խնդրին առնչվող մանրամասն
վերլուծություն համապատասխան առաջարկներով:
Մասնավորապես, Պաշտպանն առաջարկում
է՝
1.
վերանայել բժշկասոցիալական փորձաքննական որոշումների բողոքարկման
գործող ընթացակարգերն այնպես, որ երաշխավորվի անկախ և օբյեկտիվ բողոքների քննարկումը.
2.
փորձաքննվող անձի ընտրած բուժող բժշկի համար սահմանել անկախ
փորձագետի կարգավիճակ՝ հստակեցնելով վերջինիս գործառույթներն ու լիազորությունները.
3.
հաշմանդամություն ունեցող անձանց և հանրային պաշտոն զբաղեցնողների
համար իրականացնել հանրային իրազեկման աշխատանքներ՝ իրավունքների մասին գիտելիքների
բարձրացման նպատակով.
4.
իրականացնել նշանակված փորձաքննությունները և ապահովել զինվորական
անժամկետ հաշմանդամություն ունեցող անձանց հաշմանդամության թոշակի վճարումը մինչև հակառակ
հիմքերի հաստատումը։
Ներկայացված և ոլորտային այլ խնդիրների վերաբերյալ մանրամասն վերլուծությունը՝
Տարեկան հաղորդման մեջ (1339-1350 էջերում):