Զանգվածային լրատվության միջոցների դիտարկմամբ Մարդու իրավունքների
պաշտպանի աշխատակազմն այսօր արձանագրել է, որ Հանրապետության հրապարակի հարակից`
ՀՀ կառավարության վարչական շենքի դիմացից ժամը 13:00-ի սահմաններում մի խումբ
քաղաքացիներ բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանության բաժիններ: Մի շարք
նույնաբովանդակ ահազանգեր են ստացվել Պաշտպանի աշխատակազմ:
Նշվածի հաշվառմամբ Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն
իրականացրել են այցեր Ոստիկանության բաժիններ, առանձնազրույցներ ունեցել բերման
ենթարկվածների և նրանցից մի քանիսի փաստաբանների հետ:
Վարչական ձերբակալման ենթարկված բոլոր կանայք առանձնազրույցների
ընթացքում նշել են, որ բերման ենթարկելիս Ոստիկանության ծառայողներն իրենց որևէ
պահանջ չեն ներկայացրել, չեն հայտնել բերման ենթարկելու հիմքերն ու պատճառները:
Հիմքերն ու պատճառները չեն ներկայացվել նաև Ոստիկանության բաժիններում: Գրեթե
բոլորը նշել են, որ Ոստիկանության բաժիններում չեն ներկայացվել իրենց նվազագույն
իրավունքները:
Առանձնազրույցի ընթացքում քաղաքացիները նաև հայտնել են, որ հավաքի
ընթացքում Ոստիկանության ծառայողների արձագանքն իրենց գործողություններին եղել է
անհամաչափ: Օրինակ` ազատությունից զրկված կանանցից մեկը նշել է, որ իրեն բերման է
ենթարկել Ոստիկանության 4, իսկ մյուսը` 3 ծառայող` գործադրելով անհափաչափ ուժ:
Նմանատիպ խնդիր բարձրացրել են այլ բերման ենթարկվածներ ևս:
Ազատությունից զրկված անձանց Պաշտպանի ներկայացուցիչները
պարզաբանել են նրանց նվազագույն իրավունքները:
Այսօրվա այցերի ընթացքում արձանագրվածը վկայում է վարչական
ձերբակալման շրջանակում մարդուն բերման ենթարկելու համակարգային խնդիրների մասին`
կապված ազատությունից զրկելիս հիմքերն ու պատճառները ձերբակալվողներին տեղում
չներկայացնելու, իրավունքները չպարզաբանելու, բերման ենթարկելիս ուժի գործադրմանը:
Անհրաժեշտ է հնարավորինս անհատական մոտեցում` բերման ենթարկելը դիտելով վերջին
միջոց և հաշվի առնելով կոնկրետ իրավիճակի առանձնահատկությունները, ձերբակալվողի
սեռը և այլ հանգամանքներ:
Պաշտպանի ներկայացուցիչները Ոստիկանության բաժիններում ծանոթացել
են վարչական վարույթի նյութերին, անհրաժեշտ պարզաբանումներ ստացել Ոստիկանության
բաժինների ղեկավար կազմից:
Այցերի ընթացքում Ոստիկանության ծառայողները պատշաճ համագործակցել
են Պաշտպանի աշխատակազմի հետ, տրամադրել անհրաժեշտ բոլոր տեղեկությունները:
Այցի արդյունքներն ամփոփվում են, դրանց արդյունքներով
պայմանավորված պարզաբանումներ կպահանջվեն Ոստիկանությունից: