Այսօր մամուլում լայնորեն տեղեկություններ են հրապարակվել այն
մասին, որ առավոտյան ժամը 4:00-ից 5:00-ի սահմաններում Կապան - Երեւան միջպետական
ավտոճանապարհի Դավիթ Բեկ-Շուռնուխ գյուղերի հատվածում տեղակայված ադրբեջանական
զինվորականները քարեր են նետել հայկական պետհամարանիշով քաղաքացիական ավտոմեքենայի
ուղղությամբ:
Տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո ՀՀ մարդու
իրավունքների պաշտպանը նախաձեռնել է փաստահավաք աշխատանք՝ Պաշտպանի աշխատակազմի
Սյունիքի ստորաբաժանման ներգրավմամբ: Այդ աշխատանքների շրջանակում Դավիթ Բեկ-Շուռնուխ
գյուղերի միջև ճանապարհի միջադեպի հատվածի ուսումնասիրությունը հաստատել է, որ
անմիջապես այդ վայրում տեղակայված են ադրբեջանական զինվորականներ:
Միջադեպի մասին տեղեկությունը Մարդու իրավունքների պաշտպանին
հաստատել է Կապան համայնքի ղեկավարը և նշել, որ ավտոմեքենան եղել է քաղաքացիական`
ուղևորներով, հայաստանյան համարանիշով:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ տեղի
ունեցածն ակնհայտորեն վկայում է ՀՀ քաղաքացիների՝ Սահմանադրությամբ ամրագրված և
միջազգայնորեն ճանաչված իրավունքների համար իրական սպառնալիքի մասին: Խոսքը
վերաբերում է մարդկանց կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության,
սեփականության և կենսական կարևորության այլ իրավունքների:
Այս միջադեպի վերաբերյալ տեղեկությունները ակնհայտորեն հիմնավորում
են Մարդու իրավունքների պաշտպանի հայեցակարգն այն մասին, որ ՀՀ քաղաքացիների
իրավունքները երաշխավորելու նպատակով Սյունիքում պետք է լինի անվտանգության գոտի:
Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ և համայնքների միջև
ճանապարհներին Ադրբեջանական զինվորականներ, ցուցանակներ ու դրոշներ չպետք է լինեն:
Այս միջադեպի մասին տեղեկությունները ՀՀ Մարդու իրավունքների
պաշտպանն առանձին կուղարկի միջազգային կառույցներին, ինչպես նաև կներառի
անվտանգության գոտու հայեցակարգում:
Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան