Կարևոր պատմական փաստ Արցախի հայերի ինքնորոշման իրավունքի
առնչությամբ. Հայաստանի խորհրդայնացման օրերին՝ 1920 թ.
նոյեմբերի 30-ին Ադրբեջանի հեղկոմը հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ
Խորհրդային Ադրբեջանի եւ Խորհրդային Հայաստանի միջեւ այլեւս սահմանային խնդիր
գոյություն չունի, Զանգեզուրն ու Նախիջեւանը անցնում են Հայաստանին, իսկ Ղարաբաղի
լեռնային մասին տրվում է ինքնորոշման իրավունք:
Դեկրետը դեկտեմբերի 2-ին հրապարակվել է Բաքվի
«Կոմունիստ» թերթում:
Ավելին, դրանից հետո Ադրբեջանի հեղկոմն
ազդարարել է. «Այսօրվանից վերացված են հայտարարվում սահմանների մասին վեճերը
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը եւ Նախիջեւանը
համարվում են ՀՍԽՀ մասեր»: Որոշում-դիմումը տպագրվել է Երեւանի «Կոմունիստ» թերթի
1920 թ. դեկտեմբերի 7-ի համարում:
Հետաքրքիր փաստ է նաև, որ ՌԿ(բ)Կ կենտկոմի
կովկասյան բյուրոն 1921 թ. հունիսի 3-ին Խորհրդային Հայաստանի կառավարությանը
հանձնարարել է Հռչակագրով հայտարարել «Լեռնային Ղարաբաղի՝ Հայաստանին պատկանելու
մասին»: Բյուրոյի որոշումն ընդունվել է միաձայն, կողմ արտահայտվողների թվում է
եղել նաեւ Ադրբեջանի հեղկոմի նախագահ Ն.Նարիմանովը:
Ի կատարումն Կովկասյան բյուրոյի որոշման՝
ՀՍԽՀ ժողկոմխորհը, կառավարության նախագահ Ա. Մյասնիկյանի ստորագրությամբ, 1921 թ.
հունիսի 12-ին ընդունեց համապատասխան հայտարարություն. «Ադրբեջանի ՍԽՀ հեղկոմի
հռչակագրի եւ Հայաստանի ու Ադրբեջանի ՍԽՀ-ների կառավարությունների միջեւ եղած
համաձայնության հիման վրա հայտարարվում է, որ Լեռնային Ղարաբաղը այժմվանից կազմում
է Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության անբաժան մաս»: