1. Ադրբեջանցի զինվորականների կողմից գերեվարված բոլոր հայ
զինծառայողները պետք է ազատ արձակվեն ու վերադարձվեն Հայաստան:
Դա պետք է արվի անհապաղ ու առանց որևէ նախապայման և վերջ:
2. Բացարձակ անընդունելի է, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ի
եռակողմ հայտարարության 8-րդ կետում չկա կոնկրետ ժամկետ` կապված գերիների կամ այլ
կերպ անազատության մեջ գտնվող անձանց փոխանակմանը կամ վերադարձին:
Բայց սա չի նշանակում, որ Ադրբեջանի իշխանությունների համար
թույլատրելի է մարդու իրավունքների միջազգային պահանջների ու մարդասիրական
պայմանավորվածությունների անընդհատ խախտումը. արհեստական ձգձգվում է գերիների
վերադարձը, չի հայտնվում նրանց իրական թիվը ու նույնիսկ փորձեր են արվում
ներկայացնել իրական թվից նվազ թվաքանակ, այդ ողջ ընթացքում շարունակվել է նրանց
նկատմամբ խոշտանգումն ու անմարդկային վերաբերմունքը, այդ մասին վկայող
տեսանյութերի նպատակային հրապարակումը, խոչընդոտվում է զոհվածների
մարմինների փոխանակումը եւ այլն:
Մարդու իրավունքների պաշտպանն արդեն հայտարարել է, որ այս ամենը հոգեկան
տառապանքներ է պատճառում գերիների ընտանիքներին, խաղում է հայ հասարակության
էմոցիաների հետ ու լարվածություն է առաջացնում մեր երկրում և դա արվում է
նպատակային:
Այս եզրահանգումները հիմնված են Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող բողոքների
ուսումնասիրությունների, ինչպես նաև շուրջօրյա մշտադիտարկման արդյունքների վրա:
3. Ադրբեջանական իշխանությունների հայտարարությունները, թե
գերության մեջ գտնվող մեր հայրենակիցները ոչ թե ռազմագերիներ են, այլ ահաբեկիչներ
ու ձերբակալված են, կոպտորեն ոտնահարում են հետպատերազմական մարդասիրական
գործընթացը և մարդու իրավունքները պաշտպանող միջազգային պահանջները:
Այդ հայտարարություններն ուղիղ հակասում են նաև 2020 թվականի
նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի պահանջին:
Նրանք կարգավիճակով գերի են և վերջ:
Նույնությամբ բոլոր պահանջները պետք է տարածվեն նաև զոհվածների
մարմինների փոխանակման և անհետ կորածների որոնողական ու փրկարարական աշխատանքների նկատմամբ:
4. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը բացարձակ դատապարտելի է
համարում բնույթով մարդասիրական ու մարդու իրավունքներին առնչվող այս հարցի
քաղաքականացումը, կամ անգամ հեռավոր կերպով այն տարածքային որևէ հարցի հետ կապելը, կամ դա քաղաքական
նպատակներով օգտագործելու ադրբեջանական իշխանությունների ակնհայտ փորձերը: