ՄԱԿ-ի
վարձկանների օգտագործման հարցով աշխատանքային խումբը նոյեմբերի 11-ին
հայտարարություն է տարածել, որով մտահոգություն է արտահայտել Լեռնային Ղարաբաղում
պատերազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանի կողմից վարձկանների օգտագործման
փաստի վերաբերյալ և կոչ արել անհապաղ հեռացնել նրանց: Հայտարարությունում տեղ են
գտել պնդումներ, որոնք ավելի վաղ աշխատանքային խմբին ներկայացրել էր Պաշտպանը։
Հոկտեմբերի
3-ից սկսած ՄԱԿ-ի աշխատանքային խմբին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել
է 4 դիմում, որով վերլուծվել և ՄԱԿ են ուղարկվել ապացույցներ վարձկանների
հավաքագրման, տեղափոխման և վարձատրության հարցերի վերաբերյալ։
Մարդու
իրավունքների պաշտպանը ստացել է պաշտոնական հաստատում, որ իր դիմումներին տվել է
առանձին ընթացք:
ՄԱԿ-ի
վարձկանների օգտագործման հարցով աշխատանքային խումբը մտահոգիչ է համարել Թուրքիայի
ենթադրյալ դերը Սիրիայից Ադրբեջան զինված խմբավորումներ ուղարկելու մասին փաստերը։
Մասնավորապես, ահաբեկիչներն Ադրբեջան են մեկնել շահույթ ստանալու նպատակով՝ հաշվի
առնելով Սիրիայի Արաբական Հանրապետությունում տիրող ծանր տնտեսական իրավիճակը:
Հաղորդվում է, որ մահվան դեպքում նրանց հարազատներին խոստացվել է ֆինանսական
փոխհատուցում և Թուրքիայի քաղաքացիություն:
Ավելին,
արձանագրել է, որ Ադրբեջան տեղափոխված սիրիացի գրոհայինները հավանաբար առնչություն
ունեն զինված այն խմբերի և անհատների հետ, որոնք մեղադրվում են Սիրիայի
հակամարտության ընթացքում ռազմական հանցագործություններ և մարդու իրավունքների
լուրջ խախտումներ կատարելու մեջ, ինչն անհնարին է դարձնում պատժելիությունն ու
ռիսկեր ստեղծում միջազգային իրավունքի խախտումների համար։
Աշխատանքային
խումբը կոչ է արել աջակցող պետություններին, անմիջապես դուրս բերել վարձկաններին և
մասնակցություն չունենալ վարձկանների հետագա հավաքագրմանը, ֆինանսավորմանը և
տեղափոխմանը։
Աշխատանքային
խմբի փորձագետները վերոհիշյալ պնդումների վերաբերյալ իրենց մտահոգությունները
փոխանցել են անմիջապես Ադրբեջանի և Թուրքիայի կառավարություններին և տեղեկացրել են
Սիրիայի Արաբական Հանրապետությանը:
Հայաստանի
մարդու իրավունքների պաշտպանը կարևոր է համարում միջազգային մարմինների հետ
անհատական աշխատանքները՝ հասնելու համար արձանագրմանը, որ վարձկան ահաբեկիչները
կատարել են պատերազմական հանցագործություններ ու դաժանություններ։