Այսօր Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ձեռք է բերել հայ
գերիների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի անմարդկային, դաժան վերաբերմունքը
ցուցադրող երկու տեսանյութ և լուսանկարներ:
Այդ տեսանյութերում Ադրբեջանի զինվորականները մարդկանց ենթարկում
են առավելագույն նվաստացման, իսկ հետո բացառիկ ցինիզմով դաժանաբար սպանում:
Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների պահվածքն ու խոսքը լցված են
ատելությամբ:
Այս տեսանյութերը տարածվել են այսօր ադրբեջանական աղբյուրներով՝
նաև թիրախավորելով երեխաների ու տարեցների:
Այնուհետև, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է
հերքում այն մասին, թե իրենք առնչություն չունեն տեսանյութերի հետ: Դրանից հետո,
համացանցի ադրբեջանական աղբյուրներից սկսել են հեռացնել տեսանյութերը:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, սակայն,
բոլոր աղբյուրները ժամանակին փաստագրել է:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փորձագետները ճշգրիտ
տեղորոշել են նաև ադրբեջանական հանցավոր արարքների կատարման վայրն ու ժամը:
Կատարվել է օգտագործվող խոսքի թարգմանություն, որն ամրագրվել է տեսանյութերում:
Տեսանյութերն ու լուսանկարները արդեն ստացել են անհրաժեշտ իրավական
ամրագրում՝ որպես պատերազմական հանցագործության մասին վկայող անհերքելի իրավական
ապացույցներ:
Տեսանյութերը և լուսանկարները անհրաժեշտ նկարագրությամբ վաղն
առավոտյան կուղարկվեն միջազգային մարմիններին՝ ըստ իրավասության: