Ադրբեջանի տարածքից հայկական բնակչության դեմ զինված
հարձակումներին մասնակցում են վարձկաններ, ահաբեկչական խմբավորումների անդամներ:
Դրանք Ադրբեջան տեղափոխված, ըստ աղբյուրների հիմնական մասի,
հազարավոր վարձկաններ են, որոնց թվում կան նաև ԻԳԻԼ-ի հետ առնչություն ունեցողներ
ու ըստ արձանագրված տվյալների՝ նրանք ուղարկվել են Թուրքիայի կողմից Լիբիայից ու
Սիրիայի հյուսիսային հատվածից:
Այս մասին ակնհայտորեն վկայում են Հայաստանի մարդու իրավունքների
պաշտպանի անկախ քննության արդյունքներով հավաքագրած ապացույցները: Դրանք
առավելապես օբյեկտիվ ապացույցներ են, այսինքն՝ լուսանկարների ու տեսանյութերի
մասին: Եվ սա տեղի է ունենում Եվրոպայի խորհրդի տարածքում:
Միջազգային հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ վճռականորեն
հրավիրում եմ այս ծայրաստիճան վտանգավոր, հանցավոր երևույթի վրա: Դա հրատապ
քայլերով չկանխելու դեպքում արդեն իսկ խաղաղ բնակչության համար առաջացած
հումանիտար աղետը վտանգավոր է ողջ տարածաշրջանի համար: Դա սպառնալիք է
անվտանգությանը, խաղաղությանն ու մարդու իրավունքների ողջ համակարգին: Սա է
ամրագրված ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 2019 թվականի սեպտմեբրի 26-ի 42/9
բանաձևում՝ որպես հիմնարար պահանջ:
Հավաքագրված տվյալները վաղը կուղարկվեն միջազգային գործընկերներին
բոլոր անհրաժեշտ ձևաչափերով:
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է աշխատել 24
ժամյա աշխատանքային արտակարգ ռեժիմով: Ապահովվում է սերտ համագործակցություն
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ: