ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների
գրասենյակն (ԺՀՄԻԳ) իր նախաձեռնությամբ կապվել է Հայաստանի Մարդու իրավունքների
պաշտպանի հետ՝ քննարկելու համար Սահմանադրական դատարանի դատավորների դատական
նշանակման ընթացիկ գործընթացը և համաձայնություն է ձեռք բերվել մանրամասն հետևել
գործընթացին:
Մարդու իրավունքների պաշտպանը և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը մի շարք քննարկումներ
են ունեցել Հայաստանի սահմանադրական դատարանի դատավորների նշանակման գործընթացի
անկախ գնահատման կարևորության մասին և այն մասին, թե ինչպես կարող են երկու
հաստատությունները համատեղ աշխատել գործընթացին հետևելու հարցում: Քննարկումների
ընթացքում նշվել է, որ ԺՀՄԻԳ-ը կտրամադրի փորձագիտական աջակցություն գնահատման
հարցում և կպատրաստի իրավական վերլուծություն դատավորների նշանակումը կարգավորող
օրենսդրության, վերաբերելի միջազգային չափանիշների, պարտավորությունների ու
առաջատար փորձի վերաբերյալ:
Գնահատման նպատակն է իրականացնել գործընթացի անկախ և անաչառ
ուսումնասիրություն՝ դատական իշխանության անկախության նկատմամբ հանրային
վստահության ձևավորման տեսանկյունից։ Ուշադրություն կդարձվի դատավորների նշանակման
հարցերը կարգավորող իրավական ակտերին ու ընթացակարգերին, այդ ընթացակարգերի գործադրմանն
ու գործընթացի թափանցիկությանը:
Երկու հաստատությունները համատեղ նշել են, որ դատավորների
նշանակման ցանկացած գործընթացի կարևոր բաղադրիչ է թափանցիկությունը, ուստի
Խորհրդարանում պետք է ապահովվի, որպեսզի գործընթացի բոլոր փուլերը լինեն
հնարավորինս թափանցիկ: Դատական իշխանության նկատմամբ հանրային վստահությունը կարող
է ամրապնդվել թափանցիկ գործընթացների միջոցով: