Մարդու իրավունքների
պաշտպան Արման Թաթոյանն ուղերձ է հղել խոշտանգման զոհերի աջակցության միջազգային օրվա
առթիվ։ Ուղերձում մասնավորապես ասվում է․
«Այս օրերին,
երբ աշխարհը պայքարում է նոր տեսակի կորոնավիրուսային (COVID-19) համաճարակի դեմ, մարդու
իրավունքները և ազատությունները չպետք է դառնան երկրորդական և զրկվեն պետության անհրաժեշտ
պաշտպանությունից: Նույն կերպ՝ չպետք է մոռացության տրվեն խոշտանգման կամ վատ վերաբերմունքի
որևէ այլ ձևի դեմ պայքարի հարցերը։
Հունիսի
26-ը ՄԱԿ-ի կողմից հռչակվել է խոշտանգման զոհերի աջակցության միջազգային օր: Հաճախ
առկա են թյուր ընկալումներ, որ խոշտանգումը կամ անմարդկային վերաբերմունքը միայն գործադրվում
է իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից՝ ցուցմունք կորզելու նպատակով: Հարկ է
ընդգծել, որ խոշտանգման ու վատ վերաբերմունքի բոլոր մյուս ձևերի բացարձակ արգելքի պահանջը
տարածվում է շատ այլ հարցերի վրա. օրինակ՝
քրեակատարողական հիմնարկում կենցաղային անբավարար պայմանները, գերբնակեցումը,
բժշկական օգնության և սպասարկան թերությունները, հոգեբուժարանում անօրինական զսպման
միջոցներ կիառելը նույնպես կարող են հանգեցնել վատ վերաբերմունքի:
Պետությունը
պետք է հստակ քայլեր ձեռնարկի խոշտանգման դեպքերին արագ ու համարժեք արձագանքելու,
արդյունավետ քննության արդյունքում մեղավորներին պատասխանատվության ենթարկելու, ինչպես
նաև երկրում խոշտանգումները կանխարգելելու ուղղությամբ՝ հաշվի առնելով քաղաքակիրթ հասարակության
համար խոշտանգման հանրային բարձր վտանգավորությունը և միջազգայնորեն սահմանված խոշտանգման
բացարձակ արգելքը։
Մարդու իրավունքների
պաշտպանի զեկույցներում մշտապես ընդգծվել է նաև խոշտանգման չենթարկվելու մարդու բացարձակ
իրավունքի խախտման հետևանքով նրան պատճառված ոչ նյութական վնասի հատուցման մեխանիզմի
թերությունները, որոնք հատկապես ակներև է անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի
կամ պատժի ենթարկվելու հետևանքով վրա հասած ոչ նյութական վնասի հատուցման մեխանիզմի
թերությունների պարագայում:
Կարևոր է նաև
խոշտանգում, դաժան և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք վերապրած
անձանց ու նրանց ընտանիքներին ցուցաբերել համակողմանի ֆիզիկական, հոգեբանական ու սոցիալական
աջակցություն:
Որպես Հայաստանի
մարդու իրավունքների պաշտպան, ում վերապահված է երկրում Խոշտանգումների կանխարգելման
ազգային մեխանիզմի կարգավիճակը, շարունակելու եմ ամենօրյա աշխատանքով նպաստել երկրում
յուրաքանչյուր անձի պաշտպանությանը խոշտանգումից, արժանապատվությունը նվաստացնող կամ
անմարդկային վերաբերմունքից ու պատժից: Այս գործում հասարակական վերահսկողությունն
ավելի է ուժեղացնում համատեղ պայքարը»։