Վճռաբեկ դատարանը խոշտանգման գործով
քննությունը ճանաչել է անարդյունավետ՝ հիմք ընդունելով նաև Մարդու իրավունքների
պաշտպանի իրավական դիրքորոշումները՝ որպես խոշտանգումների կանխարգելման մեխանիզմ:
Արդեն ակնհայտ է, որ Մարդու իրավունքների պաշտպանի
իրավական դիրքորոշումները կիրառում են ստանում մեր երկրի դատական համակարգում ու
այս անգամ դա արել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատը: Մեր դիրքորոշումները
լայնորեն օգտագործում են նաև մեր փաստաբան գործընկերները:
Սա միջազգային առաջատար փորձ է։
Ցանկացած երկրի Օմբուդսմանի [Մարդու
իրավունքների պաշտպան] իրավական հեղինակության ու արդյունավետության ցուցիչ է, երբ
իր իրավական դիրքորոշումները (իրավաբանություն կամ jurisprudence) կիրառվում են
դատական համակարգում ու ազդում կոնկրետ գործերով լուծումների վրա: Սրանով Մարդու
իրավունքների պաշտպանը լիարժեք կատարում է իրավական համակարգի կատարելագործմանը
նպաստելու իր սահմանադրական առաքելությունը:
Վճռաբեկ դատարանի քրեական պալատն
այս անգամ բեկանել (ԵԱՔԴ/0172/11/17) և փոփոխել է առաջին ատյանի ու վերաքննիչ
դատարանների որոշումները և քրեական վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել է
վերականգնել դիմողների իրավունքները: Այս ակտը հրապարակվել է վերջերս: