Ոստիկանության
ծառայողների կողմից քաղաքացու բերման ենթարկելու վերաբերյալ սոցիալական ցանցերում տեսանյութի
հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ
արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության բաժին՝ բերման ենթարկված քաղաքացու հետ առանձնազրույցի,
նրա իրավունքներին վերաբերող այլ անհրաժեշտ գործողություններ իրականացնելու համար:
Այս
պահին կարող ենք նշել, որ բերման ենթարկելու պատճառ է քաղաքացու կողմից դիմակ կրելու
Պարետի որոշման պարտադիր պահանջի չկատարումը:
Այսօրվա
հրապարակված տեսանյութն առերևույթ վկայում է, որ Ոստիկանության գործողություններն անհամաչափ
են:
Մասնավորապես,
չնայած Ոստիկանության ծառայողների քանակական գերակշռությանը, ոստիկաններին ուղղված
քաղաքացու հորդորներին առ այն, որ ենթարկվում է ոստիկանի պահանջին և կհետևի նրանց,
Ոստիկանության ծառայողները շարունակել են անձի նկատմամբ ֆիզիկական ուժի և հետո նաև
հատուկ միջոցի գործադրումը:
Օրենքն,
իհարկե, Ոստիկանությանը վերապահում է ֆիզիկական ուժ կամ հատուկ միջոց, այդ թվում՝ ձեռնաշղթա
գործադրելու լիազորություն, սակայն դա պետք է լինի հետապնդվող նպատակին և կոնկրետ իրավիճակին
համաչափ՝ նաև հաշվի առնելով այն ենթադրյալ իրավախախտումը, որի կապակցությամբ ֆիզիկական
ուժը կամ հատուկ միջոցը գործադրվում է: Իհարկե, ուժեղ Ոստիկանությունը կարևոր պայման
է մարդու իրավունքների երաշխավորման համար, սակայն Ոստիկանության ծառայողների գործողությունները
ցանկացած պարագայում չեն կարող ուղեկցվել նաև անձի արժանապատվությունը ոտնահարող գործողություններով:
Իրավախախտում
թույլ տված յուրաքանչյուր անձ պետք է ենթարկվի պատասխանատվության, սակայն այդ կապակցությամբ
պետական մարմնի գործողությունները պետք է լինեն համաչափ։ Ուստի, բոլոր հարցերը պետք
է պարզվեն ստուգմամբ:
Հ․Գ․
Մարդու իրավունքների պաշտպանը բոլոր քաղաքացիներին նորից կոչ է անում անվերապահ պահպանել
կորոնավիրուսի կանխարգելման կանոնները։