Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակի կանխարգելման
ու դրա հետագա տարածման դեմ պայքարի հետ կապված՝ արտակարգ դրություն հայտարարելուց
հետո Մարդու իրավունքների պաշտպանը ստացել է դիմումներ հաշմանդամություն ունեցող
անձանցից՝ տեղեկատվության մատչելիության հարցում աջակցություն ստանալու խնդրանքով։
Տեղեկատվության մատչելիության
հարցի առնչությամբ Պաշտպանն արձանագրում է՝
1. Հաշմանդամություն ունեցող
անձանց իրավունքների ապահովման կարևոր երաշխիքներից է նրանց համար
տեղեկությունների լիարժեք հասանելիությունը։
Տեղեկատվության մատչելիության
ապահովումը ոչ միայն երաշխավորում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների
իրացումը, այլ նաև ապահովում է նրանց կողմից արտակարգ դրության պայմաններում իրենց
պարտավորությունների պատշաճ կատարման հնարավորությունը:
2. Արտակարգ դրության
պայմաններում հանրային իշխանության մարմինների աշխատանքն իրականացվում է արտակարգ
ռեժիմով և հասկանալիորեն ուղեկցվում է դժվարություններով։ Սակայն, չնայած այդ
դժվարություններին, պետք է գործադրել լրացուցիչ ջանքեր։
Ստեղծված իրավիճակում հատկապես կարևոր է, որ պաշտոնական տեղեկությունները լիարժեք հասանելի լինեն մեր հասարակության
բոլոր անդամների համար։
Ուստի, տեղեկությունների
մատչելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար պետք է ապահովվի այնպես,
որ նրանք կարողանան անհրաժեշտ տեղեկություններ ստանալ ինքնուրույն: Դա անհրաժեշտ է
ապահովել, օրինակ, ասուլիսների ժամանակ ժեստերի լեզվով թարգմանությամբ,
տեսանյութերն ուղեկցել ենթագրերով, պաշտոնական առաջնային կայքէջերն ուղեկցել
լուսաձայնային հարմարեցումներով և այլն:
3. Կարևոր է, որ կրթական,
մշակութային կամ սպորտային առանձին ծրագրեր ներկայում իրականացվում են առցանց,
սակայն այնքանով, որքանով վերաբերելի են և օբյեկտիվորեն հնարավոր, այդ ծրագրերը
պետք է հասանելի ու մատչելի լինեն նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար:
4. Մարդու իրավունքների
պաշտպանը լրատվամիջոցներին ու լրագրողներին հորդորում է հնարավորության դեպքում
արտակարգ դրությանն առնչվող կարևոր նյութերի հրապարակումներն անել այնպես, որ դրանք
հասանելի լինեն նաև հաշմանդամություն ունեցող անձանց։
5․
Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է արտակարգ դրությամբ պայմանավորված իրազեկման աշխատանքներ և նախատեսվում է
առաջիկայում տեղեկությունների հանրայնացում մատչելի եղանակներով, այդ թվում՝
բրայլյան տարբերակով, ժեստերի լեզվով թարգմանությամբ, այնպես էլ մեր երկրում
բնակվող փոքրամասնությունների ազգային լեզուներով։ Մարդու իրավունքների պաշտպանի
պաշտոնական կայքէջը՝ www.ombuds.am-ը, հարմարեցված է ինչպես թույլ տեսողություն
ունեցող անձանց համար, այնպես էլ տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար
ստեղծվել է ձայնային կառավարման հարթակ, որի կատարելագործման ուղղությամբ ներկայում տարվում են աշխատանքներ։