Հայաստանի Հանրապետությունում
արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրությունը հասկանալիորեն,
ուղեկցվում է հասարակական և տնտեսական կյանքի որոշակի սահմանափակումներով, որոնք
պայմանավորված են նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակի դեմ պայքարի և հանրային
առողջության պաշտպանության անհրաժեշտությամբ:
Այս սահմանափակումներն աշխատանքի
դժվարություններ են առաջացրել նաև գործարարության համար: Այդ դժվարությունները
կարող են առաջ գալ նաև այս օրերին պետական մարմինների աշխատանքի կազմակերպման
արտակարգ ռեժիմով:
Գործարարների շահերի
պաշտպանությունն ինչպես սովորական, այնպես էլ հատկապես արտակարգ դրության
պայմաններում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության կարևոր ուղղություն է և
Պաշտպանի իրավասությանը վերաբերող հարցերը գտնվում են մեր ամենօրյա ուշադրության
կենտրոնում:
Ուստի, տեղեկացնում ենք
գործարարներին, որ պետական մարմինների հետ խնդիրների առաջացման դեպքում կարող են
դիմել Պաշտպանի աջակցությանը։
Պաշտպանի աշխատակազմում գործում է
Գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության բաժին, և հարցերի դեպքում
գործարարները կարող են զանգահարել 116 կամ 096- 116-100 (ոչ աշխատանքային օրերի և
ժամերի համար) հեռախոսահամարներով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարդու
իրավունքների պաշտպանն արձագանքել էր արտակարգ դրության պայմաններում աշխատողների
մտահոգություններին, սակայն պետք է նկատի ունենալ, որ իրավունքների
պաշտպանությունը պահանջում է համալիր մոտեցում՝ հաշվի առնելով բոլոր կողմերի
իրավունքների երաշխավորումը։