Դատարանները
կրում են առանձնահատուկ պարտականություն՝ ապահովելու, որպեսզի գործի քննությանը որևէ
դեր ունեցող բոլոր մասնակիցները կատարեն իրենցից կախված ամեն ինչ գործի քննության ցանկացած
չարդարացված ձգձգումից խուսափելու նպատակով:
Մեր երկրում
համատարած են դարձել դատարաններում գործերի քննության ողջամիտ ժամկետի խախտումները:
Գործերի քննությունը ձգձգվում է ամիսներով ու անգամ տարիներով: Դատարանի անդրադարձը
պահանջող հարցերը նույնպես ձգձգվում են և մարդու համար առաջացնում են խնդիրներ: Դա
գլխավորապես արդարացվում է դատարանների ծանրաբեռնվածությամբ: Սա անընդունելի արդարացում
է:
Մարդու
իրավունքների պաշտանն արձանագրում է, որ պետությունն ինքը պետք է կազմակերպի իր իրավական
համակարգն այնպես, որ դատարանները կարողանան երաշխավորել, որպեսզի յուրաքանչյուր ոք
ողջամիտ ժամկետում ձեռք բերի իր իրավունքների և պարտավորությունների վերաբերյալ վեճերի
մասին վերջնական որոշում: Նշված պահանջը կատարելու համար պետությունը կարող է նախատեսել
տարբեր մեխանիզմներ՝ դատավորների թվաքանակի ավելացում, գործի քննության որոշակի ժամկետի
առավելագույն շեմի սահմանում կամ այլ միջոցներ, որոնք հենց պետությունն էլ իրավասու
է ընտրել: Սակայն եթե պետությունը թույլ է տալիս, որ գործի քննությունը դուրս գա արդար
դատաքննության իրավունքի պահանջներով նախատեսված ողջամիտ ժամկետի սահմաններից՝ առանց
որևէ քայլ ձեռնարկելու վերը նշված մեխանիզմները զարգացնելու համար, ապա վերջնարդյունքի
հետաձգման համար պատասխանատու է հենց պետությունը:
Նույնիսկ եթե առաջնորդվենք այն սկզբունքով, որ ողջամիտ
ժամկետի վրա ազդող ընթացակարգերի ապահովումը կախված է վարույթի կողմերից, նրանց վերաբերմունքը
և վարքագիծը չի ազատում դատարանին գործը ողջամիտ ժամկետում քննելու պարտականությունից:
Դա է պահանջում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը և հետևաբար նաև՝ Մարդու իրավունքների
եվրոպական դատարանը:
Հետևաբար, դատական քննությանը մասնակցող մարդու
իրավունքների տեսանկյունից դատարանների գերծանրաբեռնվածությունը չի կարող արդարացնել
վարույթի երկար տևողությունն ու ողջամիտ ժամկետի պահանջի խախտումը:
Ցանկացած մարդ պետք է ունենա այդ իրավունքի վերականգնման
արդյունավետ միջոցներ, իսկ պետությունը պարտավոր է ստեղծել դրա համար բոլոր անհրաժեշտ
իրավական պայմանները: