Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իր առաջարկներն ու վերլուծությունները ՁՊՎ-ների ներքին կանոնակարգերի նախագծի վերաբերյալ:
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ՀՀ ոստիկանության համակարգում գործող ձերբակալվածներին պահելու վայրերի ներքին կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին Կառավարության որոշման նախագծի վերաբերյալ կարծիքը։
Կառավարության նախագիծն ամբողջությամբ արտացոլում է Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցներում, ինչպես նաև ՀՀ ոստիկանության բաժիններ և ձերբակալված անձանց պահելու վայրեր (ՁՊՎ) կատարած մշտադիտարկման այցերի վերաբերյալ վերլուծական տեղեկանքներում ՁՊՎ-ներին առնչվող առաջարկները:
Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանի հիմնական առաջարկներն են՝
• ՁՊՎ-ների խցերը պետք է ապահովված լինեն էլեկտրական կարգավորիչներով, որոնց միջոցով գիշերային ժամերին հնարավոր կլինի թուլացնել խցերի արհեստական լուսավորությունը՝ չխոչընդոտելով ազատությունից զրկված անձանց հանգստի և քնի իրավունքը,
• ՁՊՎ ընդունվող կանանց անհատական օգտագործման նպատակով, ի թիվս այլնի, ՁՊՎ-ում գտնվելու ընթացքում պետք է տրամադրվեն կանացի հիգիենիկ պարագաներ,
• ՁՊՎ-ների զբոսաբակերը պետք է ապահովել մարմնամարզությամբ զբաղվելու հնարավորությամբ, կահավորել նստարանով ու աղբամանով,
• օրենսդրական կարգավորման պետք է ենթարկել ՁՊՎ ընդունվող և այնտեղ պահվող ազատությունից զրկված անձանց բժշկական զննության իրականացումը,
• պետք է ապամոնտաժել ՁՊՎ-ների տեսակցությունների սենյակներում առկա ապակե միջնորմները, ինչը կվերացնի ազատությունից զրկված անձանց և նրանց մերձավոր ազգականների միջև ֆիզիկական շփման խոչընդոտը և այլն:
Մարդու իրավունքների պաշտպանը ողջունում է Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի առաջարկների կատարմանն ուղղված Ոստիկանության հետ համագործակցության նման օրինակը:
Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկներին և իրավական վերլուծություններին մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։