Հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հիմնարար ուղղություններից է:
Հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանությունն ունի առաջնահերթություն, ինչը պայմանավորված է նրանց իրավունքների ինքնուրույն իրացման միջավայրային ու այլ խոչընդոտների վերացման, հասարակությունում կարծրատիպերի վերացման պայմանով: Պետք է բարձր գնահատել հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր մարդու արժանապատվությունն ու ներուժը: Նրանց մոտ պետք է ձևավորել ինքնուրույն կյանք վարելու հմտություններ ու ստեղծել լիարժեք ապրելու պայմաններ:
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածի ուժով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի՝ 2006 թվականի դեկտեմբերի 13-ին ընդունված կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն։