ՄԻՊ գրասենյակը շուտով կհրապարակի «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավման և դրան հաջորդող օրերի զարգացումների վերաբերյալ աշխատանքային զեկույց: Tert.am-ի հետ զրույցում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մանրամասնեց, որ զեկույցում լինելու են հստակ շեշտադրումներ և գնահատականներ ոստիկանության գործողությունների, լրատվամիջոցների նկատմամբ ուժի կիրառման և հուլիսի 17-ին ու դրան հաջորդող օրերին տեղի ունեցած մի շարք այլ իրադարձությունների վերաբերյալ:
«Անդրադարձ է կատարվելու նաև հատուկ միջոցների կիրառման հետևանքով վնասներ կրած քաղաքացիներին: Ոստիկանության խախտումների հետ կապված հարցադրումներ են լինելու, որոնք կարևոր են նաև համակարգային խնդիրների լուծման առումով»,- մանրամասնեց Արման Թաթոյանը:
Թաթոյանն ընդգծեց նաև, որ առանձին անդրադարձ է կատարվելու հուլիսի 29-ին տեղի ունեցած Սարի թաղի դեպքերին:
Խոսելով «Սասնա ծռեր» կալանավորված խմբի անդամների ազատազրկման վայրերում պահման պայմանների մասին՝ Արման Թաթոյանը մանրամասնեց, որ ՄԻՊ գրասենյակի կողմից պարբերաբար մոնիթորինգ է իրականացվում և ՄԻՊ տարեկան զեկույցում մանրամասն անդրադարձ կկատարվի նաև այդ թեմային:
ՀՀ ՄԻՊ-ը նաև խոսեց Հայաստանում ապաստանած սիրիահայերի մասին:
«Ես նախաձեռնեցի հատուկ քննարկում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակի հետ: Պետք է ասեմ, որ Սփյուռքի նախարարության հետ նրանք սերտ համագործակցում են, սակայն մարդու իրավունքի պաշտպանության տեսանկյունից կարևոր է նաև մեր ներգրավվածությունը»,- մանրամասնեց Ա. Թաթոյանը՝ հավելելով, որ մոտ ապագայում հնարավոր է սիրիահայերի նոր հոսք Հայաստան և այս առումով ՄԱԿ-ի հետ համագործակցությունը կարևոր է: