Հայաստանի Մարդու
իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը «Nouvelles d'Arménie» պարբերականի հետ
զրույցում անդրադարձել է հուլիսի 12-14-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական
զինված ուժերի կողմից Տավուշի մարզի քաղաքացիական բնակավայրերի
հրետակոծություններին և գնդակոծություններին, Պաշտպանի աշխատակազմի կողմից
իրականացված փաստահավաք աշխատանքներին, Ադրբեջանի հակահայկական քարոզչությանը, մարդասիրական
իրավունքի նորմերի կոպիտ խախտումներին և այլն:
....««Nouvelles
d'Arménie». Ի՞նչ վնաս են կրել Տավուշի խաղաղ բնակիչներն ադրբեջանական զինված
ուժերի ռազմական գործողությունների ժամանակ:
Արման Թաթոյան.
Փաստահավաք աշխատանքները փաստում են, որ քաղաքացիական բնակավայրերի հրետակոծումը
եղել է թիրախավորված վնաս հասցնելու մտադրությամբ:
Միջազգային
մարդասիրական իրավունքը պահանջում է հստակ տարանջատում քաղաքացիական բնակավայրերի
և ռազմական հաստատությունների միջև: Քաղաքացիական բնակավայրերը պետք է պաշտպանված
լինեն: Երեխաները, տարեցները, կանայք ենթակա են հատուկ պաշտպանության:
Ադրբեջանական զինված
ուժերի կողմից հայկական քաղաքներն ու գյուղերը հրետակոծվել են առավելապես
առավոտյան և ցերեկային ժամերին: Կիրառվել են հրետանային արկեր դպրոցների և
մանկապարտեզների, բժշկական դիմակ արտադրող ձեռնարկության ուղղությամբ:
Օրինակ, արկերից մեկն ընկել
է Չինարի գյուղի տներից մեկի բակում՝ գյուղի դպրոցի անմիջական հարևանությամբ»: