Գործարարության պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առանցքային ուղղություններից է, որի հիմնական նպատակը գործարար միջավայրի բարելավումն է, փոքր և միջին բիզնեսի շահերի պաշտպանությունը, հարկային և մաքսային քաղաքականության արդյունավետության բարձրացումը։
Նշվածը խթանող ազդեցություն կարող է ունենալ նաև գործարար միջավայրի զարգացման և տնտեսավարող սուբյեկտների ու պետության միջև գործընկերային հարաբերությունների հաստատման, ազատ տնտեսական մրցակցության խրախուսման, ներդրումային միջավայրի բարելավման, ինչպես նաև սպառողների շահերի պաշտպանության համար։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստեղծվել է Գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության ստորաբաժանումը, որն իրականացնում է գործարարություն իրականացնող անձանց իրավունքների պաշտպանությունը պետական մարմիններից, այդ թվում հարկային և մաքսային անարդյունավետ վարչարարությունից, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը հանրային ծառայության ոլորտում գործող կազմակերպություններից։
Գործարարների իրավունքների պաշտպանության համար Պաշտպանի կողմից դիմումներ են հասցեագրվում Սահմանադրական դատարան, ներկայացվում են հատուկ կարծիքներ Սահմանադրական դատարանում գործարարներին առնչվող դիմումների վերաբերյալ, մշակվում են օրենսդրական նախագծեր և այլն։
Մարդու իրավունքների պաշտպանին կարող են դիմել այն անձինք, ովքեր տուժել են հարկային կամ մաքսային վարչարարությունից, պետական մարմինների կողմից ցուցաբերած անհավասար մոտեցումից, հավասար բիզնես մրցակցությանը խոչընդոտելուց, պետական մարմինների կայացրած վարչական ակտերից, մաքսային և հարկային մարմինների անհարկի քաշքշուկներից և այլն։
Հանրային ծառայությունների ոլորտում Պաշտպանը քննարկում է այն բողոքները, որոնք կապված են մեր երկրի բնակչությանը մատուցվող հանրային ծառայությունների հետ, օրինակ՝ լույսի, գազի, ջրի մատակարարում ու սպասարկում։
Հանրային ծառայությունների ոլորտում Պաշտպանը քննարկում է այն բողոքները, որոնք կրում են զանգվածային բնույթ կամ ունեն հանրային նշանակություն, կամ կապված են այնպիսի անձանց շահերի պաշտպանության անհրաժեշտության հետ, որոնք չեն կարող ինքնուրույն օգտագործել իրենց իրավունքների և ազատությունների պաշտպանության իրավական միջոցները: Այս ոլորտում Պաշտպանին հասցեագրված անհատական բողոքները, դրանք ներկայացրած անձանց համաձայնությամբ, կարող են փոխանցվել համապատասխան մարմնի քննարկմանը։