Home Home Home
Armenian VersionRussian VersionEnglish Version

Այցելություններ

Հանդիպում Արման Բաբաջանյանի և Արթուր Այվազյանի հետ ՀՀ ԱՆ

 23.07.2007թ. ՀՀ Մարդու իրավունքների Պաշտպան Արմեն Հարությունյանի հանձնարարությամբ աշխատանքային խումբն այցելեց "Նուբարաշեն" քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալ Արթուր Այվազյանին հիմք ընդունելով նրա մոր`Նինա Շահբազյանի`  որդուն ծեծի ենթարկելու մասին հայտրարարությունը:
 Աշխատանքային խումբը հանդիպեց հիմնարկի ղեկավար Վ. Առաքելյանի, այնուհետև խորհրդապահական կարգով Արթուր Այվազյանի հետ: Վերջինիս այտի վրա առկա էր փոքր քերծվածք, որն, ըստ Ա. Այվազյանի պնդման, առաջացել է մարզումների ժամանակ: Արթուր Այվազյանը հայտնեց, որ տեղյակ չէ մոր բողոքից և որ իրեն ծեծի ենթարկելու կամ որևէ խնդիր առաջանալու դեպքում ինքն անձամբ կահազանգի Պաշտպանի գրասենյակ: Առաջարկեց, որ ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանում, հնարավորության դեպքում, Պաշտպանի ներկայացուցիչները մասնակցեն իր գործով դատական նիստին:
Հիմնվելով թերթերում տեղ գտած մի շարք հրապարակումների վրա այն մասին, որ "Ժամանակ-Երևան" օրաթերթի գլխավոր խմբագիր, դատապարտյալ Արման Բաբաջանյանը հայտարարել է հացադուլ, աշխատանքային խումբը հանդիպեց նաև նրա հետ: Ա. Բաբաջանյանը հայտնեց, որ հացադուլը տևել է մեկ օր և նա որոշել է հացադուլից դուրս գալ և հարցին հետամուտ լինել իրավական ճանապարհով, այն է` դիմել դատարան: Վերջինս գանգատվում էր ՀՀ Նախագահի հրամանագրով ստեղծված`պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինելու անկախ հանձնաժողովի գործունեությունից: Բաբաջանյանը նաև հայտնեց, որ այդ կառույցը հակասահմանադրական է:
Ըստ Արման Բաբաջանյանի, վերոնշյալ հանձնաժողովի ստեղծման մասին ՀՀ Նախագահի հրամանագրի սահմանադրականության որոշման հարցը գտնվում է ՀՀ սահմանադրական դատարանի վարույթում`առաջարկեց, որ Պաշտպանը ևս միջամտի այդ գործընթացին:
Ա. Բաբաջանյանին ներկայացվեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի օրենքով նախատեսված լիազորությունների շրջանակը, ինչպես նաև Պաշտպանի` ի սկզբանե ունեցած դիրքորոշումը տվյալ քրեական գործի վերաբերյալ: Նշվեց նաև, որ հաշվի առնելով գործի հասարակական հնչեղությունը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն, ինչպես մամուլում, այնպես էլ իր տարեկան զեկույցում անդրադարձել է Ա. Բաբաջանյանի քր. գործին և արտահայտել  իր կարծիքը: