Այցելություններ
Վանաձորի ՀՀ ՊՆ N զորամաս կատարած այցը
12/14/07
2007թ. դեկտեմբերի 13-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների խումբն այցելություն կատարեց Վանաձորում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամաս: Այցի նպատակն էր ծանոթանալ զորամասի առօրյա գործունեությանը, սանիտարահիգիենիկ պայմաններին, ինչպես նաև զինծառայողների իրավունքների պաշտպանության վիճակին:
Զորամասի հրամանատար գ-տ Ա. Ղազարյանի ուղեկցությամբ խմբի անդամները շրջեցին զորամասի տարածքով, այցելեցին զորանոցներ, ճաշարան, ծանոթացան զորամասի կենցաղային և սանիտարահիգիենիկ պայմաններին: Ընդհանուր պայմանները բավականին բարվոք են: Ճաշարանում, խոհանոցում և սպասքի լվացման սենյակում աշխատում են քաղաքացիական անձինք, պատերին փակցված են սանիտարահիգիենիկ պայմաններին վերաբերող հանձնարարականները և սննդային պարտադիր նորմատիվները: Զորանոցներում առկա է կենտրոնացված ջեռուցում, և զինվորների վկայությամբ գիշերը հաճախ նույնիսկ շոգ է լինում:
Շրջայցից հետո, զինվորներին հակիրճ ներկայացվեց խմբի այցելության նպատակը, ինչին անմիջապես արձագանքեցին մոտ 20-ը: Զինծառայողների հետ հաղորդակցվելու նպատակով, գնդի շտաբում առանձին լսարան հատկացվեց: Նրանց հարցերը հիմնականում վերաբերում էին բանակում այս կամ այն գործունեությամբ զբաղվելու իրենց իրավունքներին և որևէ մեկի դեմ բողոք չէին պարունակում:
Վերջին 10-15 օրվա ընթացքում զորակոչված ևս 7 զինծառայողի խնդրանքով, Պաշտպանի զինծառայողների հարցերով խորհրդականը նրանցից յուրաքանչյուրին ընդունեց առանձին: Վերջիններիս բողոքները հիմնականում կապված էին զորակոչային հանձնաժողովի կողմից իրենց հիվանդությունները չնշելուն, ինչի հետևանքով զորակոչվել են շարային ծառայության, բայց առողջական խնդիրներ են ունենում: Կազմվեց զինծառայողների բողոքների վերաբերյալ արձանագրություն, որը ներկայացվեց զորամասի հրամանատարին: Վերջինս պարտավորվեց հնարավոր սեղմ ժամկետում բժշկական հետազոտման ուղարկել այդ զինծառայողներին:
Հարկ է նշել, որ զորամասի հրամանատարը մեծ պատրաստակամությամբ աջակցեց Պաշտպանի ներկայացուցիչների աշխատանքին:





