Home Home Home
Armenian VersionRussian VersionEnglish Version

Գործ #...(նաև դրական արդյունք)

Գործ թիվ 1-0310/08

Այցելություն Գեղարքունիքի մարզ, գյուղ Արծվանիստ


ՀՀ Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի բնակիչ Պ. Հ.-ն  ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին հասցեագրած դիմումում հայտնել է, որ ՀՀ կառավարության 1992թ. հունիսի 8-ի թիվ 340 որոշմամբ սահմանված կարգով ինքը աճուրդով գնել է Արծվանիստի կալերի 6 պահեստը: Վճարելով վաճառքի գումարը` 1993թ.-ից առ այսօր իր  ընտանիքի և ծնողների հետ միասին բնակվում է հիշատակված տարածքում` այն օգտագործելով որպես  բնակելի տարածք: Պահեստին կից կա անմշակ հողակտոր, որի մշակումից ստացված միջոցներով կարողանում է գոյատևել: Քաղաքացին նաև հայտնել է, որ արդեն 14 տարի է, ինքը մշակում է այդ հողակտորը, սակայն գյուղապետարանը, առանց իրեն տեղեկացնելու, ներքին կարգով սեփականաշնորհել է այն այլ անձի` դրանով իսկ խոչընդտելով իրեն մուտք գործել սեփական տարածք: 

Դիմումի կապակցությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով Պաշտպանի կատարած հարցմանն ի պատասխան 03.06.2008թ. ՀՀ Գեղարքունիքի մարզպետը հայտնել է, որ, ՙԱրծվանիստի բնակիչ Պ. Հ.-ի կողմից բարձրացված հարցը բազմիցս ուսումնասիրվել է: Դիմումատուի բողոքն անհիմն է և չի համապատասխանում իրականությանը: Կից ներկայացրել է նաև համայնքի ղեկավարի կողմից 28 մայիսի 2008թ. տրված պարզաբանումը, ըստ որի դիմումատուն 1992թ. աճուրդային կարգով ձեռք է բերել նախկին խորհտնտեսությանը պատկանող թիվ 6 պահեստը, սակայն մինչ օրս այն պետական գրանցում չի ստացել: Դիմումատուն առանց իրավական հիմքերի, ինքնակամ կերպով օգտագործել է պահեստի հարակից տարածքի մի մասը, որը հանդիսանում է համայնքային սեփականություն: Տարածքի մյուս մասը եղել է կալատեղի և մինչև այժմ էլ ասֆալտապատ է, երբևէ որևէ մեկի կողմից չի մշակվել, այլ հանդիսացել է արտադրական տարածք: Պ. Հ.-ն համայնքում սեփականության իրավունքով ունի` վարելահող` 1.15 հա, խոտհարք` 0.29 հա, տնամերձ` 0.20 հա՚:
Պ. Հ.-ն, ծանոթանալով համայնքի ղեկավարի կողմից տրված պարզաբանմանը,  հայտնել է, որ գյուղապետի կողմից հայտնած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, բացի այդ, աճուրդով գնված շինությունը մինչ օրս պետական գրանցում չի ստացել, քանի որ գյուղապետը դրա վերաբերյալ չի տրամադրում համապատասխան տեղեկանք:

Խնդրին ծանոթանալու նպատակով Պաշտպանի ներկայացուցիչները 24.07.2008թ. Պաշտպանի հանձնարարությամբ այցելել են ՀՀ Գեղարքունիքի մարզ, հանդիպել մարզպետ Ն. Պողոսյանին, իսկ հարցը տեղում ուսումնասիրելու համար` գյուղ Արծվանիստ, հանդիպել նաև  համայնքի ղեկավար Բ. Համբարձումյանին և դիմումատուներին:
Գյուղապետարանում դիմումատուի մասնակցությամբ տեղի ունեցած քննարկման ժամանակ համայնքի ղեկավարը դիմումատուին առաջարկեց զբաղեցրած տարածքը գնել կադաստրային արժեքով, որին նա չհամաձայնվեց` պատճառաբանելով, որ գումար չունի: Համայնքի ղեկավարը տարածքը վարձակալության իրավունքով տրամադրելու պատրաստակամություն հայտնեց, ինչին դիմումատուն համաձայնվեց:
Ինչ վերաբերում է տնամերձ հողամասի սեփականության իրավունքին, ապա համայնքի ղեկավարը պարզաբանեց, որ գրության մեջ սխալ նշում է կատարվել, պետք է նշվեր, որ Մարտունու սեփականաշնորհման հանձնաժողովի որոշմամբ տնամերձ հողամասը տրվել է սեփականության իրավունքով, սակայն համապատասխան իրավահաստատող փաստաթղթերը չեն պահպանվել:
Վերոնշյալ հարցի լուծմանը պատշաճ ընթացք տալու կապակցությամբ համայնքի ղեկավարին առաջարկվեց ներկայացնել տեղեկանք, որից հետո հարցը կքննարկվի  Պաշտպանի աշխատակազմում և կտրվի համապատասխան ընթացք: