Home Home Home
Armenian VersionRussian VersionEnglish Version

Գործ #...(նաև դրական արդյունք)

Գործ թիվ 1-0935

ՀՀ Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի միջնակարգ դպրոցի անգլերեն լեզվի և ֆիզիկայի ուսուցիչներ Ա.Մ.-ն  և Հ.Մ.-ն ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմում-բողոքում իրենց դժգոհությունն են հայտնել դպրոցի տնօրինության, ինչպես նաև մարզպետարանի աշխատակազմի կրթության վարչության աշխատակիցների կողմից իրենց նկատմամբ թույլ տրված անօրինական գործողությունների վերաբերյալ:
Դիմումատուները, մասնավորապես, հայտնել են, որ նորանշանակ տնօրենը, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, կատարել է խախտումներ և կամայականություններ, այդ թվում` 2007թ. օգոստոսի 29-ին անհիմն կերպով ազատել է Ա. Մ.- ին: Դիմել են Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի կրթության վարչության պետին, սակայն ապարդյուն: ՀՀ ԿՆ կրթության պետական տեսչության պետին դիմելու արդյունքում դպրոցում անցկացվել են ստուգումներ, որից հետո տնօրենը, առանց որևէ բացատրության, Ա. Մ.- ին վերականգնել է աշխատանքում: Սակայն, ըստ դիմումատուների, տարբեր պետական մարմիններ բողոքներ ներկայացնելու պատճառով տնօրենն իրենց կարգապահական տույժի է ենթարկել: 24.10.2007թ. գրավոր դիմում-բողոք են հղել նաև ՀՀ կրթության և գիտության նախարարություն, սակայն պատասխան չեն ստացել:
Քաղաքացիների դիմումում բարձրացված հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու ակնկալիքով, ինչպես նաև վերը նշված դպրոցում լրացուցիչ ուսումնասիրություն անցկացնելու առաջարկով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հարցում է կատարել ՀՀ կրթության և գիտության նախարարին:
ՀՀ կրթության և գիտության նախարարը Պաշտպանին ներկայացնելով իր պարզաբանումները, միաժամանակ հայտնել է, որ 25.12.07թ. ՀՀ կրթության պետական տեսչությունում տեղի ունեցավ Ա. Մ- ի և Հ. Մ- ի դիմումի քննարկում` դիմումատուների, դպրոցի տնօրենի, ՀՀ Կոտայքի մարզպետարանի, ՀՀ կրթության պետական տեսչության ներկայացուցիչների մասնակցությամբ, որի արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածություն առ այն, որ տնօրենը գրավոր պարտավորվել է չեղյալ համարել Ա. Մ.-ի նկատմամբ կիրառված կարգապահական տույժը (խիստ նկատողություն) և մինչև 01.09.08թ., հնարավորության դեպքում, օրակարգից հանել Ա. Մ.-ի հետ կնքված աշխատանքային պայմանագրի միակողմանի լուծման հարցը: Ա. Մ- ին և Հ. Մ- ին բավարարել է քննարկման արդյունքը և նրանք նույնպես գրավոր պարտավորվել են իրենց հարաբերությունները դպրոցի տնօրենի հետ կարգավորել աշխատանքային պայմանագրի շրջանակներում և նպաստել դպրոցի բարոյահոգեբանական մթնոլորտի կայունացմանը:
07.01.2008թ. Ա. Մ- ն և Հ. Մ- ն գրավոր շնորհակալագիր են հասցեագրել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին` հարցի դրական լուծման կապակցությամբ: