Home Home Home
Armenian VersionRussian VersionEnglish Version

Նորություններ

ՀՀ Օմբուդսմանը Միջերկրական Օմբուդսմանների Միավորման անդամ է

Ս.թ-ի հունիսի 15-ին Իսպանիայի Մադրիդ քաղաքում տեղի ունեցած Միջերկրական Օմբուդսմանների Միավորման ամենամյա ընդհանուր ժողովի ընթացքում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը ընտրվել է Միավորման լիարժեք անդամ:

Մադրիդում տեղի ունեցած Միջերկրական Օմբուդսմանների Միավորման ամենամյա ընդհանուր ժողովի ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաև Թուրքիայի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի առաջարկությունը`  մշակել և հրապարակել հատուկ հայտարարություն Իսրայելի կողմից Գազայի հատվածի շրջափակման, ինչպես նաև  Իսրայելի զինված ուժերի և Թուրքական նավատորմի միջև տեղի ունեցած բախման վերաբերյալ:

Քննարկման ընթացքում հնչել են տարբեր կարծիքներ: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը իր ելույթում նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների հիմնական առաքելությունը իրենց երկրներում մարդու իրավունքների պաշտպանության ապահովումն է, իսկ եթե որոշում կայացվի քննարկել միջպետական խնդիրները, ապա պետք է քննարկել բոլոր տեսակի շրջափակումների խնդիրները, այդ թվում և Հայաստանի Հանրապետության շրջափակումը` միասնական հայտարարություն մշակելու նպատակով:  

Իսրայելի Օմբուդսմանը առաջարկել է ընդհանրապես չանդրադառնալ նշված խնդրին, քանի որ այդ հարցի քննարկման համար ստեղծվում է միջազգային հանձնաժողով: Բանավեճի արդյունքում որոշվել է զերծ մնալ համատեղ հայտարարությունից:

Միջերկրական Օմբուդսմանների Միավորումը հիմնադրվել է 2008թ-ին Միջերկրական Օմբուդսմանների ցանցի հենքի վրա:  Միավորման անդամներն են Իսպանիայի, Ֆրանսիայի, Հունաստանի և մի շարք այլ երկրների Օմբուդսմաններ, ՄԻ հանձնաժողովներ, ինչպես նաև այլ գիտահետազոտական հաստատություններ: Միջերկրական Օմբուդսմանների Միավորման նպատակն է ապահովել և պաշտպանել ժողովրդավարության, օրենքի գերակայության և սոցիալական արդարության սկզբունքները: Այս միավորման խնդիրներից են` տարածել մարդու իրավունքների ոլորտի ազգային և միջազգային օրենսդրությունը, Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագիրը, Ռաբատի Հռչակագիրը և նպաստել դրանց պատշաճ կիրառմանը: