Home Home Home
Armenian VersionRussian VersionEnglish Version

Նորություններ

Երեք դիմում Սահմանադրական դատարան

Ս. թ-ի հունիսի 10-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը երեք դիմում է ներկայացրել ՀՀ Սահմանադրական դատարան:
1. Դիմումներից մեկը վերաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 284-րդ հոդվածի 1-ին մասին, որը սահմանում է, որ անձանց նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակում նախատեսող օպերատիվ-հետախուզական միջոցառումները, բացառությամբ այն դեպքերի, երբ խոսակցության մասնակիցներից կամ հաղորդակցվողներից մեկը նախապես դրանք լսելու կամ վերահսկելու համաձայնություն է տվել, կարող են իրականացվել միայն դատարանի որոշմամբ: ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. "Յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որպեսզի հարգվի իր անձնական և ընտանեկան կյանքը": Իսկ ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի 5-րդ մասն ամրագրում է."Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունք, որը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով, դատարանի որոշմամբ":

Մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վիճարկվող նորմից բխում է, որ եթե խոսակցության մասնակիցներից կամ հաղորդակցվողներից մեկը նախապես դրանք լսելու կամ վերահսկելու համաձայնություն է տվել, ապա օպերատիվ-հետախուզական գործունեության մարմինը կարող է առանց դատարանի որոշման իրականացնել այդ գործողությունը: Այս իրավունքի սահմանափակումն առանց դատարանի որոշման, հիմք ընդունելով միայն տվյալ միջոցառումն իրականացնող օպերատիվ-հետախուզական գործունեության մարմնի որոշումը և խոսակցության մասնակիցներից կամ հաղորդակցվողներից մեկի`նախապես դրանք լսելու կամ վերահսկելու համաձայնությունը ըստ Պաշտպանի հակասում է ՀՀ Սահմանադրությանը, քանի որ ՀՀ Սահմանադրությունը միանշանակ սահմանում է, որ յուրաքանչյուրի`նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով, դատարանի որոշմամբ: ՀՀ Սահմանադրությունը նշված կարգից որևէ բացառություն չի նախատեսում:

2. ՀՀ Սահմանադրական դատարան ներկայացված հաջորդ դիմումը վերաբերում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի մի շարք հոդվածներին, որոնց սանկցիաներում, ի թիվս այլ վարչական տույժերի, նախատեսվում է նաև տուգանքը: Ընդ որում վիճարկվող հոդվածների սանկցիաներում նախատեսված տուգանքի չափը տարբերակված չէ: ՀՀ Սահմանադրության 14.1-րդ, 43-րդ հոդվածներից բխող իրավախախտման և դրա համար նախատեսված պատասխանատվության համաչափության սկզբունքն օրենսդրին պարտավորեցնում է վարչական զանցանքի իրավական հետևանքները սահմանելիս հաշվի առնել վարչական պատասխանատվության առանցքային սկզբունքները, դրանք են արդարության, կատարված արարքին պատասխանատվության միջոցի համաչափության, տույժի անհատականացման և տարբերակման սկզբունքները: Այսինքն`տուգանքի չափը պետք է համապատասխանի արդարության, պատասխանատվության համաչափության և տույժի անհատականացման ու տարբերակման սկզբունքներին, քանի որ անմիջականորեն կապված է Սահմանադրությամբ ամրագրված սեփականության իրավունքի սահմանափակման հետ: Հոդվածի սանկցիայում նախատեսվող տուգանքի չափը պետք է ունենա նվազագույն և առավելագույն շեմերը, ինչը հնարավորություն կտա կիրառել վարչական պատասխանատվության այս միջոցը`հաշվի առնելով կատարված իրավախախտման բնույթը և հասարակական վտանգավորության աստիճանը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները: Մինչդեռ վիճարկվող նորմերի սանկցիաներում նախատեսված տուգանքի չափի ոչ տարբերակված լինելը դրա հնարավորությունը չի ընձեռում: Պաշտպանի կարծիքով նման իրավական կարգավորումը խախտում է կատարված իրավախախտմանը պատասխանատվության միջոցի համաչափության և պատասխանատվության անհատականացման սկզբունքները, դրանով իսկ անհարկի սահմանափակելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքներն ու ազատությունները:

3. ՀՀ Սահմանադրական դատարան ներկայացված երրորդ դիմումը վերաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի 7-րդ մասին, որը սահմանում է."Անհրաժեշտության դեպքում ճանաչումը կարող է կատարվել արտաքինով և հագուստով ճանաչվողին նման տարբեր անձանց լուսանկարներով": Տտվյալ նորմը չի բացահայտում"անհրաժեշտության դեպքում" բառակապակցության բովանդակությունը, և նման իրավական կարգավորումը կարող է պայմաններ ստեղծել իրավակիրառ պրակտիկայում վիճարկվող նորմի կամայական և տարածական մեկնաբանման  ու կիրառման համար: Մինչդեռ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքից, ՀՀ Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներից բխում է, որ որևէ նորմ չի կարող համարվել"օրենք", եթե այն չի համապատասխանում իրավական որոշակիության (res judicata) սկզբունքին, այսինքն`ձևակերպված չէ այնպիսի հստակությամբ, որը թույլ տա շահագրգիռ անձին, անհրաժեշտության դեպքում նաև խորհրդատվությունից օգտվելով, դրա հետ համատեղելու իր վարքագիծը և կանխատեսելու այն հետևանքները, որոնք կարող են առաջանալ նորմի գործողությունից: Ուստի Պաշտպանի կարծիքով վիճարկվող նորմը"անհրաժեշտության դեպքում" բառակապակցության մասով չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին:
Բացի այդ ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը սահմանում են."Յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որպեսզի հարգվի իր անձնական ու ընտանեկան կյանքը: Առանց անձի համաձայնության նրա վերաբերյալ չի կարելի հավաքել, պահպանել, օգտագործել կամ տարածել այլ տեղեկություններ, քան նախատեսված է օրենքով: Արգելվում է անձին վերաբերող տեղեկությունների օգտագործումն ու տարածումը, եթե դա հակասում է տեղեկությունների հավաքման նպատակներին կամ չի նախատեսված օրենքով": Մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը չի սահմանում նախքան ճանաչվողին նման տարբեր անձանց լուսանկարները ձեռք բերելը և օգտագործելն այդ լուսանկարների վրա պատկերված անձանց համաձայնությունը ստանալու որևէ ընթացակարգ: Օրենսդրական այդպիսի կարգավորման պայմաններում կարող են խախտվել լուսանկարների վրա պատկերված ճանաչվողին նման անձանց անձնական կյանքը հարգելու իրավունքը և դրա ապահովմանն ուղղված սահմանադրությամբ ամրագրված երաշխիքները: