Home Home Home
Armenian VersionRussian VersionEnglish Version

Նորություններ

Մայիսի 31-ի և հունիսի 1-ի Ազատության հրապարակի միջադեպերի վերաբերյալ

Ս.թ-ի մայիսի 31-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցները այցելել են Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա (Սարյանի արձանին հարող տարածք): Սարյանի արձանի մոտակայքում հավաքվել էին մի խումբ քաղաքացիներ: Ներկա էին նաև լրագրողներ և ՀՀ Ոստիկանության աշխատակիցներ: Ժամը 19-ի սահմաններում ՀՀ Ոստիկանության աշխատակիցները, արգելելով մի խումբ քաղաքացիների մուտքը Ազատության հրապարակ, Սարյանի արձանին հարող տարածքից որոշ քաղաքացիների  փորձել են հրավիրել ՀՀ Ոստիկանության բաժին` ըստ Ոստիկանության ներկայացուցչի, ՙնախորդ օրը տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ բացատրություն վերցնելու նպատակով՚: Սակայն, ի պատասխան Ոստիկանության ներկայացուցիչների պահանջների մի խումբ քաղաքացիներ դրսևորել են ագրեսիվ վարքագիծ և դիմել են սադրանքների, ընդ որում, ըստ նախնական տվյալների, սադրանքներ հրահրողները ներկայացել են որպես ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներ: Վերջիններս ձերբակալված են, և քննության արդյունքներով կպարզվի միջադեպի մանրամասները:    
Ս. թ-ի հունիսի 1-ին` ժամը 18-ի սահմաններում, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցները այցելել են Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա (Սարյանի արձանին հարող տարածք): Սարյանի արձանի մոտակայքում հավաքվել էին մի խումբ քաղաքացիներ: Ներկա էին նաև լրագրողներ և ՀՀ Ոստիկանության աշխատակիցներ:
Սարյանի արձանի մոտակայքից ժամը 19-ի սահմաններում ՀԱԿ-ի ներկայացուցիչները մի խումբ լրագրողների ուղեկցությամբ շարժվեցին Ազատության հրապարակի ուղղությամբ: Ազատության հրապարակ տանող բոլոր մուտքերը հսկում էին ՀՀ Ոստիկանության աշխատակիցները, որոնք արգելում էին վերը նշված անձանց մուտքն Ազատության հրապարակ, ինչի կապակցությամբ ՀՀ Ոստիկանության աշխատակիցների կողմից չի տրվել իրավական որևէ հիմնավորում: 
Հաշվի առնելով վերոգրյալը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Ա. Հարությունյանը գտնում է, որ ՀՀ Ոստիկանության ոչ իրավաչափ գործողությունների հետևանքով խախտվել են վերը նշված անձանց սահմանադրական իրավունքներն ու ազատությունները: