Ելույթներ
Պաշտպանի ելույթը Հայ իրավաբաններ միջազգային առաջին համաժողովին
09/28/09
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԳՐՎԱԾ ԵՎ ԿԵՆԴԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԵԼԻ. ՀԱՅԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԻԱԼԵԿՏԻԿԱՆ
Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում, ինչպես և հետխորհրդային պետությունների մեծ մասում, ստեղծվել է ծայրահեղ անբարենպաստ սոցիալական իրավիճակ: Իրավական ժխտողականությունը (նիհիլիզմը) ձեռք է բերել որակապես նոր հատկանիշներ, որոնք այն նախկինում չուներ, փոխվել են դրա բնույթը, պատճառները, ազդեցության ոլորտները, այն ձեռք է բերում տարերային բնույթ` վերածվելով հաճախ իրավական ամենաթողության:
Արդյոք գոյություն ունե՞ն իրավական ժխտողականության հաղթահարման ուղիներ:
Իրավական միջոցների համակարգում իրավական ժխտողականության հաղթահարման վճռորոշ գործոն պետք է դառնա պետության միասնական իրավաբանական քաղաքականությունը:
Այդ առումով, սահմանադրականությունը` որպես իշխանության հետ հասարակության ու անձի փոխհարաբերության իրավական շրջանակները սահմանող համակարգ, կարող է լինել իրական և ձեւական: Սահմանադրականությունը քաղաքացիական հասարակության և պետության միջև հակասությունների քաղաքակիրթ լուծման միջոց է:
Պետության և հասարակության միջև հարաբերությունները զարգանում են ոչ թե գործուն, այլ ձևական սահմանադրականության հիման վրա, ինչը գրված և կենդանի սահմանադրությունների միջև հակասությունների հետևանք է: Իսկ դա հետևանք է, մի կողմից, քաղաքացիների կայուն խմբերի, շահերի չձևավորվածության, իսկ, մյուս կողմից` կառավարող վերնախավի անկարողության կամ չկամենալու` ստեղծել խաղի նոր կանոններ որպես պարտադիր բոլոր խմբերի, ներառյալ իրենց իսկ համար:
Պետությունը` հանձին բյուրոկրատիայի, դեռևս չի ձգտում ինքնասահմանափակման և քաղաքացիների ինքնագործունեության խրախուսման: Դա դրսևորվում է անցկացվող տնտեսական, սոցիալական, մշակութային քաղաքականությունում:
Հետխորհրդային հայկական հասարակությունը հայտնվեց երկընտրանքի առջև` կամ գտնել անհատական ազատության, անձի ակտիվության և նախաձեռնության` պետության սահմանափակ կառավարման սկզբունքի հետ փոխգործակցության համաձայնեցված մոդել, կամ գնալ ուժեղ իշխանության ավտորիտար մոդելի ուղիով` իշխանությունից ժողովրդի օտարմամբ: Դեռևս հաճախ է բյուրոկրատիայի կողմից իշխանության օգտագործումն իր կորպորատիվ շահերի համար, ինչն էլ ավելի է հասարակությանն օտարում իշխանությունից, չի հանդիսանում անձանց քաղաքացիական իրավունքների անձեռնմխելիության երաշխիք:
Վերոշարադրյալի առումով` Հայաստանի, ինչպես և հետխորհրդային մյուս երկրների հիմնական խնդիրը մնում է այն, որ նրանք չեն սովորել ապահովել հասարակության կայունությունն իշխանական կառույցների` զսպումների ու հակակշիռների համակարգի պարագայում, երբ սահմանադրականությունը դառնում է պետության և քաղաքացիական հասարակության փոխհարաբերությունների իրական ռեժիմ: Մինչ օրս հասարակության կայունությունն ապահովվում է իշխանական կառույցների համակարգում գերակշռության հաշվին: Եվ նշանակություն չունի, թե ինստիտուտներից որի օգտին է ապահովվում գերակշռությունը:
Սահմանադրությունը նախատեսված է այն բանի համար, որպեսզի պետությունը և այդտեղ ապրող մարդիկ իրենց սահմանափակեն փոխադարձ շահի համար: Այդ առումով հարց է ծագում` կարո՞ղ է, արդյոք, սահմանադրությունը պաշտպանություն ընձեռել, եթե դրա նկատմամբ հավատ չկա, եթե հզորը շահագրգռված է, որպեսզի ոտնահարի այն: Սահմանադրականությունը` որպես կամայականության հակադրություն, ինստիտուցիոնալ երաշխիքների կարիք ունի: Դա ձեռք է բերվում իշխանությունների ճյուղերի այնպիսի կազմակերպմամբ, որի պարագայում նրանք սահմանափակում են միմյանց, հիմնվում են զսպումների և հակակշիռների համակարգի վրա:
Այսօր հետխորհրդային իշխանության հայկական շատ կառուցվածքներ միայն հռչակում են համամարդկային արժեքները, ժողովրդավարական ազատությունները և հավասար քաղաքացիական իրավունքները, իսկ իրականում գործի են դնում մարդու կյանքի լիակատար կախվածությունը պետությունից:
Արդյունքում, տեղի է ունենում մարդկային արժեքների ձևախեղում և անձի աստիճանական անկում (դեգրադացիա):
Այդպիսի գլխիվայր շրջված արժեքներով հասարակությունում մարդիկ ձգտում են ոչ թե ազատության, այլ հարմարվողականության: Անշուշտ, այդպիսի մարդկանց ղեկավարելը դյուրին է, քան ազատ, ինքնաբավ մարդկանց: Բայց արդյո՞ք դրա համար մենք հրաժարվեցինք ամբողջատիրությունից հօգուտ ժողովրդավարության:
Եթե մենք ցանկանում ենք խուսափել դիկտատուրայից, ապա իշխանությունը մենք պետք է հավասարակշռենք այլ իշխանությամբ` զսպումների և հակակշիռների համակարգի միջոցով: Ուստի անհրաժեշտ է պետական իշխանության բաժանում: Այդ իմաստով, սահմանադրությունն իրենից ներկայացնում է որոշ առումով ավելին, քան պարզապես պետական մարմինների միջև իրավասությունների սահմանազատման ցանկը:
Այդ առումով իշխանության համակարգի մասին հարցը սերտորեն կապված է ազատության հասկացության հետ: Ազատությունը մարդու անքակտելի էությունն է:
Այդ իմաստով, հարկ չէ լինել պետականագիտության մեծ գիտակ` իմանալու համար, որ միայն հակակշիռների համակարգն է ունակ ստեղծելու այնպիսի միջավայր, որտեղ իրապես կերաշխավորվեն իրավունքներն ու ազատությունները:
Քանի դեռ մարդկանց մեջ գոյություն ունի աններդաշնակություն, իշխանությունը կհիմնվի գերակշիռների համակարգի վրա:
Իշխանությունների ձևական բաժանումը վերածվում է իշխանությունների օրինական (լեգիտիմ) աստիճանակարգության: Քաղաքական ընդդիմությունը դիտվում է ոչ թե որպես իշխանության բնական, անհրաժեշտ և ցանկալի հակակշիռ, որն ապահովում է նրա արդյունավետ և օրինական կառավարումը, այլ որպես քաղաքական համակարգի` նրան ենթակա և նրանից կախված մաս:
Համարվում է, որ ժողովրդավարությունը հանդիսանում է իրական ժողովրդաիշխանություն: Համարվում է, որ այն իրականացվում է իշխանության երեք անկախ ճյուղերի միջոցով` օրենսդիր, գործադիր և դատական:
Այդ առումով իշխանության ճյուղերի հարաբերությունների մասին առավել ճիշտ կլինի դատել ըստ այն` պահպանվում է, արդյոք, ազատությունը: Սահմանադրականությունը որպես կամայականության սահմանափակման պահանջ կարող է իրականացվել սոսկ զսպումների ու հակակշիռների պայմաններում, երբ իշխանության ճյուղերը հավասարակշռում են միմյանց: Իշխանությունների բաժանումը հանգեցնում է ուժերի համաչափ հավասարակշռության այն ժամանակ, երբ իշխանության տարբեր թեևերի ազդեցությունը տարածվում է որոշումների ընդունման և կատարման գործընթացի տարբեր փուլերի վրա:
Ազատությունները երաշխավորված են անկախ նրանից, թե ինչպիսին է հարաբերակցությունն օրենսդիր և գործադիր իշխանության միջև: Մյուս կողմից, հենց գերակշռությունը կարող է վտանգի տակ դնել իրավունքները և ազատությունները: Ազատություններին սպառնում է ինստիտուցիոնալ թելադրանքը: Ժամանակակից բռնակալության վտանգավորությունը կապված է ոչ միայն իշխանության որևէ ինստիտուտի մենիշխանության հետ: Վտանգը կայանում է նաեւ որևէ կուսակցության կամ կուսակցական խմբի` իշխանության բոլոր ճյուղերի վրա ցուցաբերվող վճռորոշ ազդեցության մեջ:
Իշխանությունների համատեղման և ոչ թե բաժանման բոլոր համակարգերը, ձգտել և ձգտում են, որպեսզի մարդու համար բնական դառնան նրա ազատությունների սահմանափակումները, որպեսզի նա բավարարվի նրանով, ինչը նրան տրվում է, այլ ոչ թե հավակնի ավելիին, այսինքն, որպեսզի նա մշտապես լինի կախվածության մեջ:
Նա, ով որևէ մեկին իրենից բարձր է դասում, անպայմանորեն որևէ մեկին իրենից ցածր կդասի: Հենց "ճորտի"բարդույթն ստիպում է մարդուն բարձրանալու ենթակարգության աստիճանով, ձգտել այլոց նկատմամբ իշխանության: Ամբողջատիրությամբ արմատավորված հենց այդ "ճորտին" պետք է արմատախիլ անենք մենք մեզանից:
Բոլոր աստիճանակարգային կառուցվածքները` հիմնված իշխանությունների համատեղման համակարգի վրա, այս կամ այն չափով սահմանափակում են մարդու ազատությունները, սահմանում են տարատեսակ շրջանակներ:
Դրանք մարդուն թույլ չեն տալիս զարգանալու ներդաշնակորեն: Հետևաբար, նրանք պետք է որոշակի ջանքեր ներդնեն իրենց կանոնները հաստատելու համար: Եվ որքան խիստ է աստիճանակարգային կառուցվածքը, այնքան ավելին է մարդկանց թիվը, որոնց պետք է վերահսկել և "սրբագրել"նրանց վարքագիծը: Կառուցվածքն ստիպված է օգտագործել ուժային մեթոդներ և ունենալ վերահսկողության ու հարկադրանքի է`լ ավելի խիստ համակարգեր, որոնք ավելի են ծանրացնում այն: Այսպիսով, տեղի է ունենում աստիճանակարգության (հիերարխիայի) խստացում:
Այդպիսի համակարգերը պահպանողական են իր և իր օրենքների նկատմամբ: Դրանք ագրեսիվ են, իսկ հաճախ` նաև թշնամական նման այլ կառուցվածքների նկատմամբ` իրենց հպատակներին կորցնելու վախի նկատառումով, և դրանք ձգտում են իրենց թիվը մեծացնել ի հաշիվ ուրիշների: Ուստի աստիճանակարգային համակարգի բուն էության մեջ դրված են ագրեսիվ սկզբունքներ, որոնք ծնում են տարաբնույթ հակամարտություններ և պատերազմներ:
Այդ իմաստով, առանց համապատասխան քաղաքական մշակույթի, ավանդույթի ձևավորման, միայն օրենքներով մենք ոչնչի չենք հասնի:
Անհրաժեշտ է միշտ էլ հասկանալ, որ ամեն ինչ կախված է ինքնին մարդուց: Դաստիարակել իր պատասխանատվությունը գիտակցող, իր իսկ տերը լինելու կարողունակ ներքուստ ազատ մարդ. ահա թե ինչ է մեզ պետք: Իսկ դա հնարավոր է միայն գրված և կենդանի սահմանադրությունների մեծապես համընկնելու պայմաններում: Որքան մեծ են դրանց միջև տարբերությունները, այդքան նվազ են պաշտպանված մարդու իրավունքները, և` ընդհակառակն: Եվ այդ տարբերությունը մեր հասարակությանը որևէ լավ բանի չի հանգեցնի:
Բայց, ցավոք, ամբողջատիրական անցյալի իներցիան դեռևս ուժեղ է: Հետխորհրդային հասարակություններն ստեղծում են նախագահական կամ կիսանախագահական համակարգեր, իսկ փաստացիորեն ստանում են գերնախագահական համակարգ: Ստեղծում են պառլամենտական համակարգ` ստանում են խորհրդարանական մեծամասնության դիկտատուրայի համակարգ: Արդյունքում կորչում է ժողովրդավարության անհրաժեշտ սկզբունքը` փոքրամասնության շահերի երաշխավորվածությունը, որը պետք է հնարավորություն ունենա լինել ունկնդրելի, երկխոսության միջոցով երբեմն նաև համոզել մեծամասնությանը: Ուստի հայկական սահմանադրականությունը պետք է գտնի նոր կառուցակարգեր (մեխանիզմներ)` ունակ թույլ չտալու զսպումների ու հակակշիռների համակարգից գլորում գերակշռությունների համակարգ, երբ գրված սահմանադրությունը հռչակում է զսպումների և հակակշիռների սկզբունքը, իսկ կենդանի սահմանադրությունը գործ ունի գերակշռությունների հետ:
Երբ գրված և կենդանի սահմանադրություններն իրենց մեծամասնությամբ համընկնում են, մենք գործ ունենք իրական սահմանադրականության հետ` որպես իշխանության հետ հասարակության և անձի փոխհարաբերությունների ռեժիմի: Իսկ եթե գրված և կենդանի սահմանադրությունները չեն համընկնում, ապա մենք գործ ունենք ձեւական սահմանադրականության հետ, կամ վերջինը չի հանդիսանում իշխանության հետ անձի և հասարակության փոխհարաբերությունների ռեժիմ: Եվ այդ ժամանակ վերջինների միջև հակասությունները չեն կարող լուծվել քաղաքակրթորեն: Ասվածի առումով պարզ է, որ մարդու իրավունքների երաշխավորվածության և պաշտպանության մակարդակը հանդիսանում է գրված և կենդանի սահմանադրությունների հարաբերակցության ուղղակի ինդիկատոր: Առայժմ այդ ինդիկատորը ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետությունում սահմանադրականությունը կրում է ձեւական բնույթ:
Իսկ այս վիճակը արժեզրկում է մեր հասարակության արժեհամակարգը: Ո՞րն է մեր հասարակությունում ավելի գերադասելի ` ունենալ իրավու՞նք, թե՞ իրական հնարավորություն` թեկուզ եւ հակաօրինական , օրենսդրությամբ չամրագրված : Անկախացումից ի վեր, ցավոք, հայ հասարակությունում այդ հարցի պատասխանը միանշանակ է ` հնարավորություն: Պատմության մեջ առաջընթաց են ապրել այն ժողովուրդները, որոնց մշակույթում իրավունքը գերակայել է հնարավորությանը: Ցավոք հայ հասարակությունը այդպես էլ չկարողացավ հասնել նրան, որ "իրավունքը"գերակայի "հնարավորությանը":
18-րդ դարում բացարձակ միապետության պայմաններում Պրուսիայի կայսր Ֆրիդրիխ Մեծը հողային վեճ ուներ իր հպատակ գյուղացիներից մեկի հետ, որը չէր համաձայնվում վաճառել իր հողամասը կայսրին , եւ վերջինս դիմեց դատարան: Սակայն դատարանում կայսրը պարտվեց: Դրանից հետո Ֆրիդրիխ Մեծը իր զինանշանի վերեւում գրեց` "Փառք Աստծո , որ Գերմանիայում կան արդար դատավորներ ": Նա պետական գործիչ էր եւ մի վայրկյան չտատանվեց ` երկու արժեքներից ո՞րի վրա հենվել ` հնարավորության, թե՞ իրավունքի: Պատմության մեջ կա նաեւ հակառակ օրինակը ` 1911 թ. Մեքսիկայի հեղափոխության արդյունքում իշխանություն եկավ Պորֆիրիո Դիասը, որի հայտնի սկզբունքն էր` "Իմ ընկերներին ամեն ինչ , իմ թշնամիներին` օրենք":
Առանց ազատական տնտեսության , անիմաստ է խոսել մարդու իրավունքների պաշտպանության մասին : Ժամանակն է հրաժարվել "հնարավորությունների"մշակույթից ի օգուտ "իրավունքի":
ք.Երևան
19-20 սեպտեմբերի 2009թ.





