Home Home Home
Armenian VersionRussian VersionEnglish Version

Ելույթներ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկումները

Ս.թ-ի հունիսի 9-ին Սիվիլիտաս հիմնադրամի կողմից կազմակերպվել էր քննարկում “Ընտրական իրավունք” խորագրով: Քննարկման հիմնական բանախոսներն են Սիվիլիտաս հիմնադրամի խորհրդի նախագահ Վարդան Օսկանյանը և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: Ստորև ներկայացված է Պաշտպանի ելույթի որոշ հատվածներ:

1. Այսօր մենք ապրում ենք մի դարաշրջանում, երբ նյութապաշտական դրսևորումները բացահայտում են դարի հոգևոր տկարությունը, որի օրոք մտածողությունը  պայմանավորված է բացառապես հաջողության և  իշխանության հասնելու տենչանքով: 
Սակայն իմ կարծիքով, հենց հոգևոր արժեքների, մետաֆիզիկականի բացակայությունն է բերում մարդու բռնապետական իշխանությանը մարդու նկատմամբ: Արդեն 18 տարի է ինչ մեր համակարգը դուրս է մղում, ճնշում է հոգևոր արժեքները` արդյունքում քաղաքացիների մի ստվար զանգված շարունակում է վաճառել իր քվեն, և այս պայմաններում ի՞նչ ընտրական համակարգի մասին կարող ենք խոսել: Նյութականացված մարդուն ավելի հեշտ է կառավարել, իսկ նմանատիպ մարդկանցով ինչպե՞ս մենք կդիմագրավենք ներկայիս աշխարհաքաղաքական մարտահրավերներին` մղվում է երկրորդ պլան: 

2. Ազատ հասարակարգերում մարդիկ պատասխանատվություն են կրում ոչ միայն պարտությունների, այլ նաև հաղթանակների համար: Պատասխանատվության զգացումն է, որ հնարավորություն է ընձեռում դիմագրավել հաղթանակի, հաջողության գայթակղությանը: Մեզանում հաղթանակը հաճախ պատասխանատվությունից խուսափելու միջոց է, իսկ պարտությունը առաջ է բերում պատասխանատվություն: Անհաջողությունը, պարտությունը նույնքան կարևոր են անհատի, կուսակցության համար, որքան հաջողությունը, հաղթանակը: Բնության օրենքը, իսկ իրավաբանական տերմինաբանությամբ` բնական իրավունքը, ենթադրում է փոփոխականություն և միայն այդ պայմանների առկայութան դեպքում է, որ կատարելագործվում է անհատը, կուսակցությունը, հասարակությունը: Լիբերալ ժողովրդավարությունը դա բնության օրենքների արտացոլումն է սոցիալական համակարգում: Իսկ այն պայմաններում, երբ ընդդիմությունը մշտապես պարտվում է, իսկ իշխանությունը մշտապես հաղթում է և հասարակությունը իրեն օտարված է համարում` այդ համակարգը ես համարում եմ հակաքաղաքակրթական: Այդ ճանապարհը բերում է դանդաղ ոչնչացմանը:

3. Հանրապետական կուսակցությունը պետք է ոչ միայն խանդավառվի իր հաղթանակով, այլ վերցնի իր պատասխանատվության չափաբաժինը, որը շատ ավելի մեծ է հաղթողի մոտ: Իսկ ընդդիմությունը պետք է ոչ թե հիասթափություն ապրի իր պարտությունից, այլ վերցնի իր պատասխանատվության չափաբաժինը: Ընտրական համակարգը մշտական գործընթաց է, այլ ոչ միայն քվեարկություն: Նրա օբյեկտիվությունը պայմանավորված է քաղաքական համակարգի որակից` արդյոք այն միակենտրոն է, թե հիմնված է իշխանական և ընդդիմադիր հակակշիռներով: Այս տեսանկյունից, իշխանական կուսակցությունները արդյունավետ օգտագործելով վարչական ռեսուրսը հասան որոշակի արդյունքների: Մյուս կողմից, իմ համոզմամբ, ընդդիմադիր կուսակցությունների համար վտանգավոր ազդակներ են հանդիսանում այն հանգամանքները, որ ընդդիմադիր զանգվածի զգալի մասը չի փոխել իր հայացքները, սակայն ներկայիս ընդդիմությանը չի դիտում որպես այլընտրանք իշխանություններին: Կարծում եմ, որ Երևանի ընտրազանգվածի մոտ կեսը միշտ ունեցել է և ունի ընդդիմադիր հայացքներ, սակայն չկա այն կուսակցությունը որին նրանք կնախընտրեին: Իմ կարծիքով “Ժառանգություն” կուսակցության ընտրազանգվածը չի մասնակցել ընտրություններին` “ՀԱԿ”-ին չտեսնելով այլընտրանք` իրենց նախընտրած կուսակցությանը: Կարծում եմ ընտրություններին չմասնակցած ընտրազանգվածի գերակշռող մասը ընդդիմադիր հայացքներ ունի:


4. Սահմանադրականությունը դա բնական օրինաչափությունների արտացոլումն է և իշխանության հնարավորությունների սահմանափակումը: Այն դեպքում, երբ քաղաքական պայքարի արդյունքում հաղթանակ տարած ուժը դառնում է ամբողջ համակարգի սեփականատերը` մենք ունենում ենք սահմանադրություն, սակայն զրկվում ենք սահմանադրականությունից:  

5.Ազգայի ժողովը հանդիսանում է գաղափարների բախման թատերաբեմ, երկխոսություն ծավալելու հնարավորության միջոց: Եթե ազգային ժողովը չի հանդիսանում այն թատերաբեմը , որտեղ փոքրամասնությունը չունի հնարավորություն ներկայացնելու և ազդելու մեծամասնության որոշումների վրա, երբ չկա երկխոսություն, այլ տիրում է մենախոսության մթնոլորտը, ապա մենք ունենք Ազգային ժողով, սակայն չունենք պառլամենտարիզմ: Մեծամասնության դիկտատուրան չի համատասխանում ներկայացուցչական ժողովրդավարության սկզբունքներին: Մեծամասնական դիկտատուրան շատ արագ կարող է վերաճել փոքրամասնության դիկտատուրային, քանի որ ժողովուրդը մեկուսանում է այն քաղաքական ուժից, որը ստանալով ժողովրդի ձայների մեծամասնության մանդատը, այն օգտագործում է դիկտատուրայի և այլակարծության ճնշման նպատակներով: