Օգտակար տեղեկատվություն
- Ո՞վ է Մարդու իրավունքների պաշտպանը:
- Ո՞վ կարող է դիմել Մարդու իրավունքների պաշտպանին:
- Ի՞նչ լիազորություններ ունի Պաշտպանը:
- Ինչպե՞ս է Պաշտպանն աջակցում խախտված իրավունքի վերականգնման հարցում:
- Արդյո՞ք հնարավոր է ազդել Պաշտպանի որոշումների վրա կամ միջամտել նրա գործունեությանը:
- Արդյո՞ք Պաշտպանն անձեռնմխելի է:
- Արդյո՞ք Պաշտպանի որոշումները ենթակա են կատարման:
- Արդյո՞ք Պաշտպանին դիմելու համար պետք է վճարել:
- Արդյո՞ք դիմելով Պաշտպանին՝ զրկվում եք իրավունքների պաշտպանության այլ հնարավորություններից:
- Որո՞նք են մարդու իրավունքների պաշտպանության ազգային ու միջազգային մեխանիզմները:
- Ձեր հարցը
Ո՞վ է Մարդու իրավունքների պաշտպանը:
Մարդու իրավունքների պաշտպանն անկախ և ինքնուրույն պաշտոնատար անձ է, որն իրականացնում է մարդու՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց կողմից խախտվող իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությունը:
Ո՞վ կարող է դիմել Մարդու իրավունքների պաշտպանին:
Պաշտպանին կարող է դիմել ցանկացած ֆիզիկական անձ՝ անկախ ազգությունից, սեռից, քաղաքացիությունից, բնակության վայրից, ռասայից, տարիքից, քաղաքական և այլ հայացքներից ու գործունակությունից:
Պաշտպանին կարող են դիմել ձերբակալված, կալանավորված, դատապարտված և հարկադրական պահման այլ վայրերում գտնվող անձինք:
Պաշտպանին կարող են դիմել զինծառայողները:
Պաշտպանին կարող են դիմել պաշտոնատար անձինք, սակայն միայն իրենց՝ որպես ֆիզիկական անձանց, իրավունքների խախտման դեպքում:
Ուրիշների իրավունքների պաշտպանության նպատակով պաշտպանին կարող են դիմել միայն այդ անձանց լիազորված ներկայացուցիչները:
Պաշտպանին կարող են դիմել մահացած անձանց ընտանիքների անդամներն ու ժառանգները:
Պաշտպանին բողոք ներկայացնելը կամ նրա միջամտությունը չի կարող հանգեցնել բողոք ներկայացնողի նկատմամբ քրեական, վարչական կամ այլ պատժամիջոցների կիրառման և կամ որևէ խտրականության:
Ի՞նչ լիազորություններ ունի Պաշտպանը:
Բողոքը քննարկման ընդունելուց հետո պաշտպանն իրավունք ունի`
ա) անարգել այցելել ցանկացած պետական հիմնարկ կամ կազմակերպություն,
զորամիավորումներ, անձանց հարկադիր պահման, այդ թվում՝ նախնական կալանքի ու ազատազրկման վայրեր
բ) պահանջել և ցանկացած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից ու դրա պաշտոնատար անձանցից ստանալ բողոքին առնչվող անհրաժեշտ նյութեր, փաստաթղթեր, պարզաբանումներ
գ) ծանոթանալ այն քրեական, քաղաքացիական, վարչական, կարգապահական, տնտեսական և այլ իրավախախտումների մասին գործերին, որոնց վերաբերյալ դատավճիռներն ու վճիռները մտել են օրինական ուժի մեջ, ինչպես նաև այն նյութերին, որոնց կապակցությամբ մերժվել է գործի հարուցումը և նախաձեռնել օրենքով նախատեսված այլ գործողություններ:
Ինչպե՞ս է Պաշտպանն աջակցում խախտված իրավունքի վերականգնման հարցում:
Քննարկելով բողոքը և տեսնելով մարդու իրավունքների և ազատությունների խախտում՝ Պաշտպանն առաջարկում է տվյալ խախտումը կատարած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին կամ դրա պաշտոնատար անձին վերացնել թույլ տրված խախտումները:
Պաշտպանը նաև նշում է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերականգնման համար անհրաժեշտ և կատարման ենթակա հնարավոր միջոցառումները:
Պաշտպանն իրավասու է առաջարկել իրավասու պետական մարմիններին՝ կարգապահական կամ վարչական տույժի ենթարկել կամ քրեական պատասխանատվության կանչել այն պաշտոնատար անձին, որի որոշումներով կամ գործողություններով (անգործությամբ) խախտվել են մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ինչպես նաև ձեռնարկել օրենքով նախատեսված այլ գործողություններ:
Արդյո՞ք հնարավոր է ազդել Պաշտպանի որոշումների վրա կամ միջամտել նրա գործունեությանը:
Պաշտպանի գործունեությանը միջամտելը, պաշտոնատար անձանց կողմից Պաշտպանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը, Պաշտպանին սպառնալը, վիրավորանք հասցնելն առաջացնում են պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:
Արդյո՞ք Պաշտպանն անձեռնմխելի է:
Իր լիազորությունների ողջ ժամկետում Պաշտպանն օժտված է անձեռնմխելիությամբ:
Անձեռնմխելիությունը տարածվում է նաև նրա նամակագրության, օգտագործած կապի միջոցների ու նրան պատկանող փաստաթղթերի վրա:
Արդյո՞ք Պաշտպանի որոշումները ենթակա են կատարման:
Պաշտպանի առաջարկները խորհրդատվական բնույթ են կրում:
Պաշտպանը կարող է զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել իր միջնորդությանը չպատասխանած կամ միջնորդության պահանջները չկատարած կամ անբավարար կատարած մարմնի կամ պաշտոնատար անձի վերաբերյալ հատուկ տեղեկություն՝ Պաշտպանի միջնորդության և որոշման վերաբերյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրանց պաշտոնատար անձանց պատասխանների հետ միասին, եթե սպառվել են պետական մարմիններում հարցը լուծելու Պաշտպանի բոլոր հնարավորությունները:
Արդյո՞ք Պաշտպանին դիմելու համար պետք է վճարել:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին դիմելու համար որևէ վճար նախատեսված չէ:
Արդյո՞ք դիմելով Պաշտպանին՝ զրկվում եք իրավունքների պաշտպանության այլ հնարավորություններից:
Ոչ, քանի որ Պաշտպանի գործունեությունը լրացնում է քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանության գոյություն ունեցող միջոցները, չի վերացնում և չի վերանայում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունն ու վերականգնումն ապահովող պետական մարմինների լիազորությունները:
Որո՞նք են մարդու իրավունքների պաշտպանության ազգային ու միջազգային մեխանիզմները:
Մարդու իրավունքների պաշտպանության ազգային մեխանիզմն են կազմում օրենսդիր իշխանությունը, գործադիր իշխանությունը, դատական իշխանությունը, Մարդու իրավունքների պաշտպանը, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունները:
Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմները լինում են համընդհանուր և տարածաշրջանային:
Մարդու իրավունքների համընդհանուր պաշտպանության ընթացակարգերը իրականացնում են միջազգային (միջպետական) կազմակերպությունները՝ Միավորված ազգերի կազմակերպությունն ու նրա գործակալությունները, իսկ տարածաշրջանային մակարդակով՝ իրականացնում են այդ տարածաշրջանում գործող կազմակերպությունները (Եվրոպական միություն, Եվրոպայի խորհուրդ, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն և այլն) և դրանց կառույցները (Մարդու իրավունքների Եվրոպական դատարան և այլն ):





