Պատմություն
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2003 թվականի հոկտեմբերի 21-ին:
2004 թ. փետրվարի 19-ին ՀՀ Նախագահի հրամանագրով Լարիսա Ալավերդյանը նշանակվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան և 2004 թվականի մարտի 1-ից անցել է իր պարտականությունների կատարմանը:
ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Ծնվել է Բաքվում: Ավարտելով Ադրբեջանի պետական մանկավարժական ինստիտուտը` անցել է մանկավարժական աշխատանքի:
1968 թվականին տեղափոխվել է Երևան, 1968 – 1991թթ. աշխատել տարբեր գիտահետազոտական հաստատություններում:
1988 ստեղծված «Արցախ» հայրենակցական միության հիմնադիրներից էր և պատասխանատու քարտուղարը:
1990-1995թթ. աշխատել է ՀՀ ԳԽ Արցախի հարցերով հատուկ հանձնաժողովի գլխավոր փորձագետ:
1991 թվականին հիմնել և մինչև 2004թ. հանդիսացել է «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրենը: Լ.Ալավերդյանի ղեկավարությամբ կազմակերպությունը մշակել ու իրականացրել է բազմաթիվ ծրագրեր, որոնց հիմնական նպատակն էր պատանդների, անհետ կորածների ու ռազմագերիների հայտնաբերումն ու վերադարձը, իրավական, բժշկահոգեբանական ու բարոյական աջակցությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը: Կազմակերպության շնորհիվ մոտ 1800 պատանդ, կոմբատանտ և ռազմագերի է վերադարձել հայրենիք:
Լ.Ալավերդյանի ջանքերով ստեղծվել է Հարավային Կովկասում առաջին` կազմակերպված բռնություններից տուժած մարդկանց վերականգնողական կենտրոնը:
1992-1996թթ. «Փրկենք պատանդ երեխաներին» նախաձեռնության շնորհիվ հայրենիք են վերադարձվել տասնյակ հայ երեխաներ:
Լ.Ալավերդյանի ղեկավարությամբ կազմակերպությունն իրականացրել է մի շարք ծրագրեր` ուղղված Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև Հարավային Կովկասի երկրներում քաղաքացիական ու քաղաքական իրավունքների իրավիճակի մոնիտորինգ:
Լարիսա Ալավերդյանը մասնակցել է տարածաշրջանային ու միջազգային բազմաթիվ հանդիպումների, հեղինակ է տարբեր ժողովածուների ու հրապարակումների: Ակտիվ մասնակցություն է ունեցել աղքատության նվազեցման ռազմավարության մշակմանը:
Արցախին վերաբերող մի շարք փորձագիտական փաստաթղթերի հեղինակ է:
Լ.Ալավերդյանը տիրապետում է ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն եւ ադրբեջաներեն լեզուներին: Ամուսնացած է, ունի երկու դուստր:





