Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր ընդունել
է «NewDay.am» լրատվական կայքի լրագրող-խմբագիր Անի Գևորգյանին։ Հանդիպումը տեղի է
ունեցել Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ: Լրագրողը Պաշտպանին է ներկայացրել իր մասնագիտական
գործունեությանը խոչընդոտելու դեպքերը, հայտնել, որ դրանք դրսևորվում են բռնության
կիրառմամբ, բռնության կոչերի և ատելության խոսքի գործադրմամբ։
Անահիտ Մանասյանը վստահեցրել է, որ նշված բոլոր դեպքերն աշխատակազմում
մանրամասն ուսումնասիրվում են, գտնվում են իր անմիջական ուշադրության ներքո: Յուրաքանչյուր
դեպքով Պաշտպանը դիմել է իրավասու մարմիններին՝ անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու
պահանջով։
Հանդիպման ժամանակ Անահիտ Մանասյանը ևս մեկ անգամ ընդգծել է,
որ կարևորում է պետության կողմից բնականոն և անխոչընդոտ լրատվական գործունեության ապահովումը:
Իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս կամ դրանով պայմանավորված՝ լրագրողների
թիրախավորման դեպքերն անթույլատրելի են, իսկ իրավասու մարմինները պետք է պատշաճ քննարկման
առարկա դարձնեն ցանկացած դեպք, որը կարող է վկայել լրագրողի մասնագիտական գործունեությանը
խոչընդոտելու մասին: Պաշտպանը կարևորում է մամուլի ազատության երաշխավորման ուղղությամբ
այնպիսի քայլերի ձեռնարկումը, որոնք կապահովեն լրագրողների անվտանգությունն ու բնականոն
լրատվական գործունեության համար բարենպաստ միջավայրի ձևավորումն ու պահպանումը։